Ամենանշանավորը Աթենք քաղաքի Ակրոպոլիսն է: Հույներն այն կառուցել են մեր թվականությունից առաջ 5-րդ դարում, պարսիկներին հաղթելուց հետո:
Ակրոպոլիս էր տանում մուտքի սյունազարդ շինությունը՝ Պրոպիլեոնը։ Այնտեղ էր գեղանկարչության թանգարանը՝ Պինակոթեկեն: Ակրոպոլիսի կենտրոնում՝ Պրոպիլեոնի դիմաց, իմաստության աստվածուհի Աթենասի բրոնզե հսկայական արձանն էր սաղավարտով և նիզակով: Նա, ասես, աչալուրջ ու խստահայաց դիտում էր շուրջը։ Աթենասի արձանից դեպի աջ նրան նվիրված մարմարասյուն հոյակապ տաճարն էր՝ Պարթենոնը: Տաճարի տանիքի թեք լանջերի միջև ընկած եռանկյունիները զարդարված էին քանդակներով։ Մի կողմում պատկերված էր Աթենասի և ծովերի աստված Պոսեյդոնի վեճը քաղաքին իշխելու համար: Առասպելը պատմում է, որ Պոսեյդոնը եռաժանիով խփեց ժայռին և քարից աղբյուր բխեց։ Աթենասը խփեց նիզակով և ձիթենի աճեց։ Քաղաքի հովանավորը դարձավ Աթենասը, քանի որ նրա ընծան ավելի օգտակար համարվեց:
Պարթենոնի պատերին՝ սյունաշարերի ետևում, ձգվում էր բարձրաքանդակների մի շարք, որը պատկերում էր Աթենասի տոնին աթենացիների երթը դեպի Ակրոպոլիս:
Հույներն ամենից շատ հպարտանում էին Աթենասի մյուս արձանով, որ դրված էր Պարթենոնի ներսում: Աստվածուհու դեմքն ու ձեռքերը փղոսկրից էին, իսկ հագուստն ու մազերը զուտ ոսկուց...
Ակրոպոլիսի երրորդ շենքը Էրեքթեոնի տաճարն է, որ կառուցվել է Աթենասի և Պոսեյդոնի պատվին: Էրեքթեոնի բակում ըստ ավանդության, այն նույն տեղում, ուր նիզակով հարվածել է Աթենասը, մի ձիթենի է աճում։ Տաճարի ներսում խոր ակոսով մի քարաժայռ կա։ Քրմերը հավատացնում էին, որ դա Պոսեյդոնի եռաժանու հետքն է:
Աղ
Ամեն մհ սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Բայց առանց աղի ապրել հնարավոր չէ: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում։ Բժիշկները պարզել են, որ մարդու օրգանիզմում առանց աղի խախտվում է նյութափոխանակությունը: Երբ կենդանի էակը աղ չի ստանում, մահանում է։
Բարեբախտաբար բնությունը բավականաչափ աղ է կուտակել։
Վաղուց ի վեր մեր երկրում քարաղը արդյունահանում են Դոնբասում, Ղազախստանում, Ուրալում և այլ վայրերում: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում և դրանք միացնում ստորգետնյա միջանցքներով: Հողի տակ գտնվող աղի շերտերը հասնում են մեկ, նույնիսկ մեկուկես կմ հաստության: Երկար ժամանակի ընթացքում աղը խիստ ամրացել է, այդ պատճառով էլ այն անվանում են քարաղ:
Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և այն աղի լճերից, որոնք դեռևս չեն ցամաքել։ Մեքենաները լճերից արտածծում են ջուրը, գոլորշիացնում, և մնում է մաքուր, սպիտակ աղը Մեզ մոտ նման ձևով աղն արդյունահանում են Էլտոն և Բասկունչակ լճերից։ Սովետական Միությունում օգտագործվող աղի գրեթե կեսը արդյունահանում են Բասկունչակ լճից: Իսկ մեր հանրապետությունում աղ արդյունահանում են հանքահորեր փորելու եղանակով: Երևանի հյուսիս-արևելյան մասում գտնվող