Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/48

Այս էջը հաստատված է

Ավանի աղահանքից, որտեղ քարաղի պաշարները կազմում են մոտ 29 մլն տոննա:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Այսպես օրինակ, ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որ խորհրդանշում է բարեկամություն, հյուրընկալություն:


Աղայան Ղազարոս Ստեփանի

«Կարծես հեքիաթների միջից եկած մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ:

...Կարելի է ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված հավատով»։ Այսպիսին է Ղազարոս Աղայանը Ավետիք Իսահակյանի հուշերում։

Աչքը բաց արեց նա Բոլնիս-Խաչենում (այժմ Վրացական ՍԱՀ-ում) ու իր շուրջը վաղ հասակից տեսավ դառնություններ, խավարի թագավորություն: Երբ զգաց, որ խավարի այդ աշխարհում «լուսավոր մարդուն լապտերով են փնտրում», երդվեց նվիրվել իր ժողովրդի լուսավորության շնորհակալ գործին։ Աշխատեց ու սովորեց, քաղաքից քաղաք ման եկավ, փորձով ու գիտելիքներով զինվեց, դասագրքեր կազմեց, ուսուցչություն արեց և գրաճանաչություն սովորեցրեց հայ մանուկներին:

Ղազարոս Աղայանը լինելով ժողովրդի ցավերի ու վշտերի երգիչ, գյուղացու հոգսերը դարձրեց իր ստեղծագործության առանցքը, ժողովրդի ճակատագիրը համարեց իրենը։ 1900-ական թվականներին Թիֆլիսում Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական խմբակի շունչ ու ոգի տվող գրողներից էր նա, որին Նահապետ էին ասում։

Բնության պատկերների զարմանալի զգացողություն ուներ Աղայանը և նկարչի նուրբ դիտողականությամբ կարողանում էր գրչով նկարել պատկերը, դարձնել այն շոշափելի և տեսանելի։

Աղայանի պոեզիայում առանձնահատուկ տեղ են գրավում «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան» բանաստեղծությունները։ Քնքուշ ու հեզ մանուշակի բերանով անգամ Աղայանը բողոքում է անարդարության դեմ: Կոշտ ձեռքերով ու կոպիտ ճանկերով մայր հողից պոկված մանուշակը վշտացած է ու համոզված, որ ինքը երկար չի ապրի աշխարհում, քանի դեռ կան անգութ մարդիկ («Մանուշակ»):

Ղազարոս Աղայանը գրականության պատմության մեջ մտավ որպես մանկական գրող։ Մեկ դարից ավելի է, Աղայանի «Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և ուրիշ շատ ոտանավորներ զարդարում են դպրոցական դասագրքերը։ Մանկական աշխարհը Աղայանի ստեղծագործական տարերքն էր:

Կյանքում տառապանք ու վիշտ տեսած գրողը մանուկների համար ստեղծում էր ուրախ ոտանավորներ, պատմվածքներ ու հեքիաթներ («Հնձվորները», «Տիկնիկի», «Գյուլնազ տատի հեքիաթը», «Խելքն ու բախտը», «Ծույլ տղա», «Դանակով»):

«Անահիտ» հեքիաթը դարձավ հայ հեքիաթագրության հիմնաքարը։ Հեքիաթի