Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/49

Այս էջը հաստատված է

վերջում հեղինակն ինքն է պարզաբանում նրա բուն իմաստը. «Ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրենց աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ: Այդ հեքիաթի գլխավոր միտքն այն է, որ թագավորի կյանքը արհեստն է փրկել»։

Աղայանն իր հեքիաթներով ընթերցողի ձեռքից բռնած տանում է կախարդական աշխարհներով, շունչ ու կենդանություն տալիս քարացած անապատներին ու մարդկանց («Արեգնազան կամ կախարդական աշխարհ» և «Հազարան բլբուլ»), հրեղեն Պեգասին նստած սավառնում է երկնքում՝ ամպերից բարձր և հաղթում զարհուրելի վիշապին («Վիշապին հաղթողը»), ուրախանում եղեգնից ծնված ազնիվ ու անմեղ աղջկա բախտով («Եղեգնուհի»): Անարդարությունն ու չարը կործանելու համար Աղայանը, օգտագործելով ժողովրդական ավանդությունը, կերտում է գերմարդկային ուժի ու խելքի տեր Տորք Անգեղի կերպարը («Տորք Անգեղ»):

Աղայանը, բարձրանալով իր ժամանակի հետամնաց ու խավար իրականությունից, իր ընթերցողների համար գեղեցիկ կյանք է պատկերում, իր հնարած պատմություններով ու հերոսների արարքներով մտածել տալիս մի նոր աշխարհի ու նոր մարդու մասին:

Աղայանի անունով դպրոցներ ու փողոցներ կան Երևանում և այլուր։


Աղավնի

Լինո՞ւմ է, արդյոք, թռչնի կաթ: Դուք, անշուշտ, կպատասխանեք, թե չի լինում: Չէ՞ որ թռչնի կաթը հիշատակվում է իբրև անհնարին մի բան։ Եվ այնուամենայնիվ, թռչնի կաթ կա: Երբ աղավնիները ձագեր են ունենում, նրանց կտնառքում (զոբում) գոյանում է թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման մի զանգված։ Այդ «կաթով» էլ հենց նրանք կերակրում են աղունիկներին:

Բայց աղավնին հռչակված է ճանապարհը ճիշտ գտնելու և, նույնիսկ, շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից վերադառնալու կարողությամբ։

Փոստային աղավնին հարյուրավոր տարիներ ծառայել է մարդկանց։ Այժմ, երբ լուրերը տեղ են հասնում ռադիոյի և հեռագրի, գնացքների ու ինքնաթիռների միջոցով, աղավնային փոստը կորցրել է իր ընտանի նշանակությունը: Սակայն հենց վերջերս, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, աղավնիներին օգտագործում էին տեղեկությունները տեղ հասցնելու համար: Ճապոնիայում բուծել էին անգամ նոր ցեղի աղավնիներ, որոնք ընդունակ էին թռչելու գիշերը: Թշնամին չէր կարող տեսնել և սպանել օդային փոստատարին, նա չէր դառնում նաև ցերեկային գիշատիչ թռչունների զոհը:

Փոստային, դեկորատիվ, մսատու աղավնիները մարդը բուծել է արհեստական ճանապարհով, սրանք ընտանի թռչուններ են: Բայց քիչ չեն նաև վայրի աղավնիները: Սովետական Միության անտառներում, օրինակ, ապրում են հոբալներ, անտառաղավնիներ, տատրակներ, որոնք նույնպես աղավնիներ են: Նրանք տարբեր գույն ունեն, տարբեր չափեր, բայց նման են օրգանիզմի կառուցվածքով ու ապրելակերպով: