Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/66

Այս էջը հաստատված է

Հալաջյան Ա. Պ., Ալիշանյան Ռ․ Գ․, Նշանավոր ճանապարհորդները, Ե., «Լույս», 1965


Այծ

Օրենբուրգյան գլխաշորերի համբավը շատերն են լսել: Սակայն քչերը երևի գիտեն, որ այդ գեղեցիկ, թեթև, փափուկ ու տաք գլխաշորերը հենց Օրենբուրգի կողմերում էլ գործում են։ Այնտեղ բուծում են աղվամազատու ընտանի այծեր, որոնց աղվամազը շատ նուրբ է, թեթև ու տաք:

Ընտանի այծերը տալիս են նաև կաթ, որը շատ արժեքավոր ու բուժիչ սննդամթերք է:

Դուք, անշուշտ, բացատում տեսել եք աշխույժ, ժիր ուլիկների, որոնք ճարպկորեն ցատկոտում են, կարող են, նույնիսկ ծառ ու տանիք բարձրանալ։ Այդպես ճարպիկ ու ժիր են նաև հասուն այծերը։

Ընտանի այծերը ճարպկությունն ու ժրությունը ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ բեզոարյան և պտուտակաեղջյուրավոր այծերից, որոնց կարող եք տեսնել կենդանաբանական այգում: Ընտանի այծերի եղջյուրներն, իհարկե, այդքան խոշոր չեն, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով նման են:

Բեզոարյան այծերն ապրում են Աֆղանստանում, Իրանում, Անդրկովկասում և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում են լեռնային շրջաններում, բազմացվում Խոսրովի արգելանոցում։ Պտուտակաեղջյուրավոր այծերն ապրում են Հիմալայներում, Սովետական Միությունում՝ Թուրքմենիայի հարավում։

Բեզոարյան և պտուտակաեղջյուրավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում նույնիսկ ամենազառիթափ լանջերը, լավ ցատկում են։ Ինչպես վայրի, այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով, ծառերի ու թփերի ընձյուղներով ու տերևներով: Սովետական Միությունում բեզոարյան և պտուտակաեղջյուրավոր այծեր քիչ կան։ Դրանք պահպանության տակ են առնված, որսն էլ արգելված է:

Բայց այ ընտանի այծեր մեզ մոտ շատ կան։ Նրանք մարդկանց կաթ, բուրդ և աղվամազ են տալիս: Ընտանի այծերի ցեղերն այդպես էլ ստորաբաժանվում են՝ բրդատու, աղվամազատու և կաթնատու։

Այծերը պահանջկոտ չեն և շատ դիմացկուն են։ Ասում են, որ նրանք նաև շատ խելացի են ու խորամանկ։ Հետևեցեք ընտանի այծերին և կհամոզվեք՝ այդպե՞ս է, թե ոչ:


Այծկիթ

Այս թռչունին կարելի է տեսնել միայն ուշ երեկոյան: Մերթ պտտվում է բացատի վրա արագ վեր ճախրելով և սրընթաց էլ իջնելով, մերթ թռչում է ոչխարների, այծերի հոտերի, կովերի նախրի և ձիերի երամակի շուրջը: Բայց փորձեք նրան գտնել ցերեկը: Ոչինչ չի ստացվի։ Հնարավոր է, որ հենց կողքիդ էլ թառած լինի՝ կպած հողին կամ ծառի հաստ ճյուղին, բայց դու նրան չես տեսնի։ Թաքնվելու մեծ վարպետ է նա, որովհետև թե՛ գույնն է նման հողի կամ ծառի կեղևի գույնին և թե՛ կարողանում է նստել անշարժ: Բացի դրանից էլ ծառի ճյուղին նա նստում է ոչ թե լայնակի, ինչպես բոլոր թռչունները, այլ երկայնակի ձգված:


Այս թռչունը կոչվում է այծկիթ։ Հավանաբար մեկնումեկը հնարել է, թե նա այծ ու կով է կթում: Եվ շատերն են հավատացել դրան, հապա էլ ինչո՞ւ հոտերից պոկ չի գալիս։ Պարզ բան է՝ կաթ գողանալու համար: Մինչդեռ այծկիթը կովերի, այծերի, ձիերի կողքին պտտվում է, որպեսզի հենց թռչելիս մոծակներ, պիծակներ, ճանճեր որսա, իսկ անասունների շուրջը դրանք միշտ էլ շատ են: Այծկիթը, դրանց որսալով, լավ գործ է կատարում։ Իսկ ինչ-որ մեկի անմիտ հնարանքի պատճառով այդ թռչունին ոչ միայն հալածում են, այլև պատահում է, սպանում։ Շատ հաճախ էլ մարդիկ, ոմանք դիտավորյալ, մյուսները՝