Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/72

Այս էջը հաստատված է

երազել է համախմբել աշխարհով մեկ ցրված հայ նկարիչներին:

Նա նաև լավ ջութակ է նվագել և երգել։ Ռուս մեծ կոմպոզիտոր Մ. Գլինկան, լսելով նրա երգերն ու մեղեդիները, այնքան է հավանել, որ այդ մեղեդիներից մի քանիսն օգտագործել է իր «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում։

Այվազովսկին եղել է Ղրիմի հայկական գաղթավայրի հովանավորը, Թեոդոսիայում բացել է պատկերասրահ, հնագիտական թանգարան, գեղարվեստական դպրոց, գրադարան, համերգային դահլիճ:

Այվազովսկու գերեզմանաքարի վրա հայերեն գրված է «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»։ Նա վախճանվեց վրձինը ձեռքին՝ մինչև վերջ հավատարիմ մնալով իր «ապրել ինձ համար նշանակում է աշխատել» դավանանքին:

Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի խոշոր թանգարաններում։ Նրա պատկերների մի սքանչելի հավաքածու մշտապես ցուցադրվում է Հայաստանի պետական պատկերասրահում: Այցելելով այդ պատկերասրահը՝ դուք կներշնչվեք ծովի մեծ երգչի կտավների կախարդիչ հմայքով:


Անագ

Սա բրոնզե հինավուրց աշտանակ է, սա պահածոյի տուփ, իսկ սա ռադիոընդունչ։ Ի՞նչ ընդհանուր բան կա այս առարկաների միջև։

Շատ հազարամյակներ առաջ մարդիկ սովորել են մետաղներ հալել և մշակել։ Հավանաբար, ամենից վաղ ծանոթացել են այն մետաղներին, որոնք բնության մեջ հանդիպում էին մաքուր վիճակում: Դրանք այսպես կոչված բնածին մետաղներն էին՝ ոսկին, արծաթը և պղինձը:

Ամենից հաճախակի հանդիպում էր պղինձը։ Հեշտ էր այն հալելն ու մշակելը, բայց, որովհետև շատ փափուկ էր, պիտանի չէր աշխատանքային գործիքներ ու զենքեր պատրաստելու համար։ Եվ հնարավոր է, որ այդ հեռավոր ժամանակներում պղինձն այդպես էլ կիրառություն չգտներ, եթե նրան օգնության չգար մեկ այլ մետաղ՝ անագը: Անագը շատ հեշտությամբ հալվում անջատվում էր սև-շագանակագույն անագաքարից՝ կասիտերիտից: Անագն ինքը փափուկ է և դյուրաբեկ: Բայց եթե համատեղ ձուլենք անագ և պղինձ, կստացվի պղնձից շատ ավելի ամուր, գեղեցիկ, դեղին մետաղ՝ բրոնզ։ Բրոնզից արձանիկներ էին ձուլում և սրեր կռում, ամանեղեն էին պատրաստում և դրամ հատում: Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է «բրոնզի դար» անունը։

ժամանակն անցնում էր: Մարդիկ սովորեցին երկաթ ձուլել, և բրոնզի դարին փոխարինելու եկավ երկաթի դարը։ Բրոնզն իր տեղը զիջեց երկաթին, իսկ բրոնզի հետ մեկտեղ իր նախկին արժեքը կորցրեց նաև անագը։ Չէ՞ որ մաքուր անագը սակավ կիրառություն ուներ: Մի ժամանակ նրանից պատրաստում էին ամանեղեն, գդալներ, կոճակներ։ Բայց պարզվեց, որ ուժեղ ցրտի ժամանակ անագի հետ տեղի է ունենում տարօրինակ մի բան՝ փայլուն, սպիտակ մետաղը գորշանում է, կորցնում փայլը և փոշիանում։ Մետաղը «մրսում» և «հիվանդանում» է։ Այդ երևույթն անվանեցին անագի ժանտախտ:

Թվում էր, թե անագն այլևս կիրառման տեղ չունի։ Բայց ահա 19-րդ դարի վերջին մարդիկ սովորեցին սննդամթերքները պահածոյացնել։ Հսկայական քանակությամբ տուփեր էին անհրաժեշտ պահածոներ պատրաստելու համար։ Այդ տուփերը չէր կարելի պատրաստել սովորական երկաթից, որովհետև պարզվեց, որ այն ժանգոտվում և քայքայվում է սննդամթերքներում պարունակվող թթուներից: Հենց այդ ժամանակ էլ, երբ որևէ միջոց էին փնտրում երկաթը պաշտպանելու համար, հիշեցին անագի մասին: Անագի ամենաբարակ շերտը դարձավ երկաթի հուսալի պաշտպանը, և անագը նորից պատվավոր տեղ զբաղեցրեց մետաղների բազմանդամ ընտանիքում։

Այժմ արդեն հասկանալի է, թե ինչու է պահածոյի տուփը հայտնվել բրոնզե աշտանակի կողքին: Իսկ ռադիոընդունի՞չը: Այն նույնպես չի կարող գոյություն ունենալ առանց անագի: Յուրաքանչյուր ռադիոսխեմայում կան տասնյակ և հարյուրավոր կոնտակտներ, իսկ յուրաքանչյուր կոնտակտ անագե զոդանյութի փոքրիկ, սառած կաթիլ է, որը հուսալիորեն իրար է միացնում դետալները և լավ հաղորդում հոսանքը։

Այսպես անագը դարձավ մեր դարի էլեկտրոնիկայի և ատոմային էներգիայի դարի ամենակարևոր մետաղներից մեկը, մետաղ, որը մեզ է հասել հեռավոր բրոնզի դարից և շարունակում է պիտանի լինել մարդկանց: