Անասնաբույժ
Նիրհած Աֆրիկայի երկնքով թռչում է մի մեծ թռչուն: Նա առաջ է շարժվում զգուշորեն, որովհետև մեջքին նստած է ողջ Աֆրիկայի համար ամենաանհրաժեշտ, ամենացանկալի մարդը։ Հեռավոր Լիմպոպո գետի ափին նրան են սպասում հիվանդ կապիկները. այդ մարդու անունն է, այո՛ այո՛, բժիշկ Այբոլիտ:
Բժիշկ Այբոլիտն ամենահայտնի անասնաբույժն է աշխարհում։ Նա ապրում է Կ. Ի. Չուկովսկու հիանալի գրքի էջերում և անում նույնը, ինչ բոլոր անասնաբույժները` կենդանիներ է բուժում:
Այդ բարի, հետաքրքիր և շատ անհրաժեշտ մասնագիտությունն ամենահներից է երկրի վրա: Մեզ հասած հնագույն գրքում ուրիշ մասնագիտությունների կողքին, հիշատակվում են «ձիու բժիշկները»։ Նրանք ծառայում էին թագավորական ախոռներում կամ ձիեր բուծող ազնվականների մոտ, իսկ պատերազմների ժամանակ ուղեկցում հեծելազորին: «Ձիու բժիշկներն», անշուշտ, միայն ձիերին չէ, որ բուժում էին: Համաճարակների ժամանակ, երբ վտանգ էր առաջանում, որ վարակիչ հիվանդությունները հիվանդ կենդանիներից կարող են փոխանցվել մարդուն, նրանք բուժում էին ոչխարներին, կովերին, խոզերին և նույնիսկ, հավերին:
Հին Հայաստանում անասնաբուժությամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, իսկ ավելի ուշ՝ պայտարները: Հայաստանում հիվանդ կենդանիների բուժման մասին առաջին գրքերը` բժշկարանները, որոնք կազմված են մագաղաթե ձեռագիր էջերից, ունեն 800—900 տարվա պատմություն։ Այդ բժշկարաններից շատերը պահպանվում են Մատենադարանում: Ռուսաստանի անասնաբույժների մասին պատմող առաջին ձեռագիր գիրքը ավելի քան չորս հարյուր տարեկան է: Այդ ժամանակից շատ բան է փոխվել այդ մասնագիտության տեր մարդկանց կյանքում և աշխատանքում։ Այժմ կան զանազան կաբինետներ ունեցող անասնաբուժական պոլիկլինիկաներ, անասնաբուժարաններ: Կենդանիների բուժման գործին օգնում են ճշգրիտ սարքերն ու լավ դեղերը: Անասնաբույժի «խնամարկյալներն» էլ շատ տարբեր են. քաղաքներում` կատուներ, շներ, ազնվասարեկներ, երաշտահավեր, աղավնիներ, գյուղերում` կովեր, խոզեր, ոչխարներ, ձիեր կամ ընտանի թռչուններ:
Անասնաբույժներ աշխատում են նաև արգելանոցներում, ուր բազմացնում և ուսումնասիրում են գազաններին, և կենդանանաբանական այգիներում: Այդտեղ նրանք, ճիշտ բժիշկ Այբոլիտի նման, չափում են արջի մարմնի ջերմությունը, լուծողական տալիս վագրին կամ թրջոց դնում կապկին:
Մեր օրերի անասնաբույժները ոչ միայն բուժում են հիվանդ կենդանիներին, այլև հետևում են առողջներին, պաշտպանում նրանց հիվանդություններից, պատվաստումներ անում հիվանդությունները կանխելու համար: Իսկ եթե որևէ կենդանի որևէ տեղ հիվանդանում էլ է, անասնաբույժն անպայման օգնության է հասնում: Եթե պետք լինի, նույնիսկ Աֆրիկա էլ կթռչի, միայն ոչ թե թռչնի մեջքին նստած, այլ` ինքնաթիռով:
Անասնապահական ֆերմա
Եթե ձեզ հարցնեն, թե ինչ բան է անասնապահական ֆերման, դուք, հավանաբար, կպատասխանեք, «մի շինություն է, ուր պահում են կովեր, ոչխարներ, խոզեր...»: Ձեզանից շատերն, անշուշտ, հատկապես գյուղի երեխաները, հաճախ են լինում ֆերմայում և մեծերին օգնում խնամելու կենդանիներին: Բայց և այնպես եկեք ուղևորվենք ֆերմա, և ոչ թե հասարակ, այլ «վաղվա օրվա ֆերմա»։
..Մեր առջև մեծ բայց «խուլ», առանց լուսամուտների, քարե շենք է՝ մի ամբողջ «կովերի քաղաք»։ Այստեղ մի ծածկի տակ ժողովված են երկու հազար կենդանիներ։ Նրանց համար կան ընդհանուր «բնակարաններ», «մեկուսարաններ», նույնիսկ` «մանկական սենյակ» հորթուկների համար, հատուկ խոհանոց և այլ շինություններ։ Իսկ այ այնտեղ, մի կողմում, կլոր աշտարակներ են: Դրանք լցված են մանրացած «խոտի պահածոյով», որը ձմռանը փոխարինում է հյութալի խոտին:
Այդ շենքը մենք կարող ենք մտնել միայն մաքուր, նախօրոք ախտահանված խալաթով ու ճտքավոր կոշիկներով, որպեսզի կենդանիներին չվարակենք որևէ հիվանդությամբ: