Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/94

Այս էջը հաստատված է

գտնվող օվկիանոսային հատվածները միասին մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա։ Անտարկտիդան հայտնագործել են ռուս ծովագնացներ Ֆ․ Ֆ․ Բելլինսգաուզենը և Մ․ Պ․ Լազարևը, 1820 թ․։ Փոթորիկներն ու սառցապատնեշները ճեղքելով մեծ դժվարությամբ այնտեղ հասան նրանց «Վոստոկ» և «Միռնի» առագաստանավերը։

Երկրի վրա մարդու հայտնվելուց դեռևս միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային անտառներ, թափառում ահռելի կենդանիներ։ Բայց Անտարկտիդան հյուսիսային երկրներից ավելի վաղ սառցապատվեց․ այն ծածկված է հնագույն սառցավահանով։ Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ երկաթի հանքաքարով, ոսկով, ալմաստներով, գունավոր մետաղներով, քարածխով։

Անտարկտիդայում սառույցներից տեղ–տեղ դուրս են ցցվում մամուռի ու քարաքոսի նոսր շերտերով ծածկված սև ու շագանակագույն բլուրներ։

Մի տեղ գիտնականները հայտնաբերեցին լիճ, որի սառույցը ճաքճքված էր ու թափանցիկ երկու մետր խորությամբ երևում էր կանաչավուն հատակը։

Մյուս լիճը սառած չէր և ջուրն էլ տաք էր 11 աստիճանի։ Մի գիտնական նույնիսկ լողացավ։

Լճերում հայտնաբերվել են դարչնագույն կարմիր, կապտականաչավուն շատ մանր ջրիմուռներ, որոնք ջրին յուրահատուկ վառ գույն են տալիս։

Անտարկտիդայի հյուսիս֊արևմուտքում Գրեյամի երկրում հանդիպում են խոտեր, ծաղիկներ։

Նշանակում է նույնիսկ ԱՆտարկտիդայի սառցե թագավորությունում կյանք կա։ Ծովափին ապրում են զվարճալի թռչուններ, պինգվիններ։ Ափամերձ ջրերում լողում են կետեր, կաշալոտներ, դելֆիններ, մի քանի տեսակի փոկեր, որոնց թվում՝ այսպես կոչված ծովափղեր, ծովալուսաններ։

Անտարկտիդան՝ մեր մոլորակի ամենից քիչ ուսումնասիրված մայր ցամաքը, լայնորեն սկսվեց հետազոտվել 1957 — 1958 թվականներին։ Աշխարհի տասներկու պետություններ պայմանավորվեցին համատեղ ուսումնասիրել մայրցամաքը։ Տարբեր ազգությունների հարյուրավոր գիտնականներ Անտարկտիդայի տարբեր մասերում բազմապիսի դիտումներ կատարեցին։

Սովետական Միությունը հետազոտում է նրա արևելյան գրեթե չուսումնասիրված մասը։ Դեյվիսի ծովի ափին բարձրացել է սովետական գիտնականների «Միռնի» ավանը։ Այլ կայաններ ստեղծվեցին նաև մայրցամաքի ներքին շրջաններում։ Անտարկտիդական սովետական հետազոտությունների կենտրոնը Մոլոդյոժնայա կայանն է։

Սովետական անվեհեր հետազոտողները թափանցեցին Անտարկտիդայի խորքերը, այնտեղ, ուր մարդը դեռ ոտք չի դրել։ Նրանք աշխարհագրական կարևոր հայտնագործություններ կատարեցին։ Օրինակ, սովետական գիտնականները պարզեցին, որ Անտարկտիդան մայրցամաք է և ոչ թե, ինչպես ենթադրում էին առաջ, կղզիների խումբ։

Անտարկտիդայում շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ 90 աստիճանի ցուրտ է լինում։

Գիտնականներն ապրում են լավ տաքացվող տնակներում, իսկ սառնամանիքին աշխատում են էլեկտրաջեռակներով տաքացվող հագուստով և պաշտպանական դիմակով։ Այսպիսի դիմակ հագած մարդը շնչում է հատուկ զտիչների միջով։

Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում։ Միջազգային համաձայնագրով արգելված է նրա տարածքում ռազմական բնույթի որևէ միջոցառում անցկացնելը։ Անտարկտիդան խաղաղության մայր ցամաք է։