Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/10

Այս էջը հաստատված է

համար անվանեցին եգիպտացորեն։ Աշխարհում չկա մի բույս, որ այդքան արագ տարածված լինի։

Այսօր ցորենը, բրինձը և եգիպտացորենը մարդկությանը կերակրող երեք գլխավոր բույսերն են։ Ալյուր, ձավար, ձեթ, կոնֆետներ, արհեստական թելանյութ, կինոժապավեն՝ ահա թե ինչ է տալիս մեզ եգիպտացորենը։ Նրա հատիկը և ցողուններից ու կողրերից պատրաստած սիլոսը սննդարար կեր են անասունների համար։ Շաքարատու եգիպտացորենն ուտում են թե՛ հում, թե՛ պահածոյացված վիճակում։ Եգիպտացորենի՝ տաքացնելիս պայթող սերմնահատիկները դառնում են երեխաների սիրած անուշեղենը՝ «ադի-բուդի»։

Կան եգիպտացորենի՝ մինչև 6 մ բարձրության հասնող սորտեր։ Այդպիսի եգիպտացորենի դաշտում կարող ես մոլորվել, ինչպես անտառում։

Եգիպտոս

(Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, ԵԱՀ)

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկա մայրցամաքի հյուսիս– արևելքում և Ասիա աշխարհամասի Սինայի թերակղզում։

Եգիպտոսը հնագույն երկրներից է։ Նա մոտ 5 հզ. տարեկան է։ Հին Եգիպտոսի մշակույթի մասին պատմում են վիթխարի եգիպտական բուրգերը՝ փարավոնների դամբարանները, հոյակապ տաճարները, քարերի վրա եղած արձանագրություններն ու պատկերները։

7-րդ դարում Եգիպտոսը նվաճեցին արաբներն ու այնտեղ հաստատեցին իրենց լեզուն՝ արաբերենը, և իրենց կրոնը՝ մահմեդականությունը։

Երկրի բնակչության մեծ մասը վաղ ժամանակներից ի վեր ապրում է Աֆրիկայի մեծ գետի՝ Նեղոսի, ափերին։ Նեղոսի հովտում մշակում են աշխարհի ամենալավ բամբակենին, որը Եգիպտոսի գլխավոր հարստությունն է։ Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, ցորեն, շաքարեղեգ, ընդավորներ, բանշարեղենից՝ սոխ, սխտոր, լոլիկ, մրգերից՝ արմավ, նարինջ, կիտրոն։

Արգավանդ գետահովիտը բոլոր կողմերից շրշապատված է անծայրածիր անապատով, ուր ջուր չկա, և մարդու էլ հազվադեպ կտեսնես։ Այստեղ միայն վաչկատուն բեդվիններն են լինում, որոնք ուղտեր, ոչխարներ, այծեր են պահում և նրանց հետ էլ տեղից տեղ քոչում։ Անապատում մարդիկ մշտապես ապրում են սոսկ օազիսներում, ուր ջրհորներ կան։