Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/102

Այս էջը հաստատված է

կամ հյուսիսային ուրուրը նրան ընդառաջ է նետվում և օդում գրոհում զոհի վրա։ Խեղճ կայրային ուրիշ ոչինչ չի մնում անելու, բացի կերը փսխելուց, և բուրգոմիստրը ճարպկորեն որսում է վայր ընկնող կերը։ Այսպես այդ մեծ որորները «տուրք են հավաքում» թռչնաշուկայի բնակիչներից։ Թռչնաշուկաների վայրերում բնակվող տեղացիները տարիներ շարունակ ձու են հավաքել այնտեղ։ Հետևանքը եղել է այն, որ շատ թռչնաշուկաներ նոսրացել են կամ իսպառ վերացել։ Այժմ Սովետական Միությունում խստորեն պահպանվում են ծովային թռչունների այդ հազվագյուտ բնադրավայրերը։

Թվաբանություն և հանրահաշիվ

Մի անգամ ոմն պարսից շահ հայտարարեց, թե առատ պարգևներ կտա նրան, ով բոլորից լավ կլուծի հետևյալ խնդիրը. «Երեք թասում ես մարգարիտներ էի պահում։ Ավագ որդուս նվիրեցի առաջին թասի մարգարիտների կեսը, միջնեկին՝ երկրորդ թասում եղածի մեկ երրորդը, իսկ կրտսերին՝ վերջին թասի մարգարիտների միայն քառորդը։ Հետո ավագ դստերս նվիրեցի առաջին թասի չորս լավագույն մարգարիտը, միջնեկին՝ երկրորդ թասից վեց հատ, իսկ կրտսերին՝ երրորդ թասից միայն երկու մարգարիտ։ Ինձ մնաց առաջին թասում՝ 38, երկրորդում՝ 12, իսկ երրորդում՝ 19 մարգարիտ։ Քանի՞ մարգարիտ էի ես պահում ամեն մի թասում»։ Եվ ահա տարբեր երկրներից պալատական երեք իմաստուն։ Առաջինը գլուխ տվեց ու ասաց.

-Ո՜վ մեծդ շահ, եթե առաջին թասում մնացել էր 38 մարգարիտ, իսկ ավագ դստերդ նվիրել էիր 4 մարգարիտ, ապա այդ 42 մարգարիտն էլ կազմում են թասում եղածի կեսը։ Չէ՞ որ երկրորդ կեսը դու նվիրել էիր ավագ որդուդ։ Նշանակում է, առաջին թասում կար 84 մարգարիտ։ Երկրորդ թասում մնացել էր 12 մարգարիտ, 6 հատ էլ դու նվիրել էիր մյուս դստերդ։ Այդ 18 մարգարիտը կազմում են երկրորդ թասում եղածի երկու երրորդը։ Չէ՞ որ մեկ երրորդը դու նվիրել էիր որդուդ։ Նշանակում է, երկրորդ թասում կար 27 մարգարիտ։ Դե, իսկ երրորդ թասում մնացել էր 19 մարգարիտ, 2 հատ էլ նվիրել էիր կրտսեր դստերդ։ Ստացվում է, որ 21 մարգարիտը երրորդ թասի պարունակության երեք քառորդն է, որովհետև մեկ քառորդը դու նվիրել էիր կրտսեր ոդուդ։ Նշանակում է, այդ թասում կար 28 մարգարիտ։

Քո առաջարկած խնդիրը ես լուծեցի թվաբանության՝ թվերի հատկությունների ու հաշվման կանոնների մասին գիտության, օգնությամբ։ Դա շատ հին գիտություն է. մարդիկ հաշվում են արդեն հազարավոր տարիներ։ Պատահական չէ, որ այդ գիտության անունը ծագել է «թիվ» բառից։ Ամենից ավելի հին Հունաստանի գիտնականներն են օգնել մեզ հասկանալու թվաբանության կանոնները։

-Քո լուծումն ինձ դուր է գալիս,– հավանություն տվեց շահը։ -Այժմ դու պատմիր,-դիմեց նա մյուս իմաստունին։

-Ո՜վ մեծդ շահ, ես չգիտեմ, թե քանի մարգարիտ կար առաջին թասում, դրա համար էլ մարգարիտների թիվը նշանակեցի «իքս»՝ X տառով։ Ստացվում է, որ ավագ որդուդ դու նվիրեցիր կեսը՝ x/2: Եթե ես իքսից հանեմ նրա կեսը և էլի՜ չորս մարգարիտ, որոնք դու նվիրեցիր դստերդ, ապա մնացորդը պետք է հավասար լինի 38-ի։ Ահա թե ինչ հավասարում եմ ես կազմել.

X - x/2 - 4 = 38։