Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/109

Այս էջը հաստատված է

մեկ րոպեում կերպարանափոխվում է ստվար ու հարթ սպիտակ թղթի։ Այդ մեկ րոպեի ընթացքում մանր անցքեր ունեցող երկար ցանցի վրա փռված թղթազանգվածը ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով և փաթաթվում։

Թուղթը պատրաստ է։ Մնում է այդ փաթեթներից անհրաժեշտ չափերի թերթեր կտրատել ու գրքեր տպագրել։ Իսկ լրագրերը տպագրում են արագագործ մեքենաներով, հենց թղթի ժապավենի վրա, որը հետո կտրատում են ու ստանում առանձին օրինակներ։

Բայց թուղթը միայն գրքերի ու թերթերի համար չէ, որ անհրաժեշտ է։ Այսօր նրանից պատրաստում են նաև տոպրակներ ու պաստառներ, ստվարաթուղթ ու պաղպաղակի բաժակներ, պարաններ և, նույնիսկ, մեքենաների ատամնանիվներ։

Պատկերացնո՞ւմ եք, թե ամեն օր անտառներում որքան ծառ է հարկավոր սղոցել թղթի ֆաբրիկաները փայտանյութով ապահովելու համար։

Ահա թե ինչու շատ կարևոր է նոր թղթի մի մասը հին, արդեն գործածված թղթից պատրաստելը։ Եվ այն երեխաները, ովքեր թղթի մակուլատուրա՝ հին լրագրեր, տետրեր, փաթեթավորման թուղթ ու այլ թափոններ են հավաքում, խիստ օգտակար գործ են անում։ Դրանով նրանք պահպանում են անտառների ամբողջական հատվածներ։

Թումանյան Հովհաննես Թադևոսի

Ձեզանից ո՞վ չի կարդացել, երևի նաև անգիր արել «Շունն ու կատուն», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Փիսիկի գանգատը», «Սուտլիկ որսկանը», «Տերն ու ծառան», «Կիկոսի մահը», Թումանյանի մյուս հրաշալիքները։ Բայց կռահե՞լ եք, որ «Փիսիկի գանգատը» այնքան էլ միամիտ զրույց չէ։ Այն ցույց է տալիս, թե ինչ վատ բան է զրպարտությունը, որի պատճառով փիսիկը քաշվել է մի մութ անկյուն ու լաց է լինում։ Կամ որ «Մի կաթիլ մեղրը» ոչ թե զվարճալի հեքիաթ է, այլ կատակերգական պատմությունն այն ողբերգության, որ ծագում է ամեն անգամ, երբ մարդու զայրույթը հաղթում է բանականությանը։ Չէ՞ որ եթե մեղր ծախող խանութպանը գիտակցեր, որ իր կատվի պատճառով չարժեր չոբանի շանն սպանել, չոբանն էլ գիտակցեր, որ շան պատճառով չի կարելի մարդ սպանել, ապա աղետը չէր պատահի։

Իսկ ո՞ւմ ծանոթ չէ և չի հուզել փոքրիկ Գիքորի՝ այն գեղջուկ տղայի, ճակատագիրը