Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/119

Այս էջը հաստատված է

Ժամացույց

Ի՞նչ ընդհանուր բան կա սրտի բաբախումների, ծովային մակընթացությունների ու տեղատվությունների, արևածագի ու մայրամուտի, տարվա եղանակների հերթագայության միջև։ Ընդհանուրն այն է, որ այս երևույթները պարբերական են, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածներից, հետո կրկնվում են՝ ասես հաշվելով ժամանակը: Հետևելով ցերեկվա ու գիշերվա հերթափոխին, Արեգակի ու Լուսնի շարժմանը, մարդն սկսեց տարին բաժանել ամիսների, ամիսները` օրերի, իսկ օրը՝ ժամանակի ավելի փոքր հատվածների՝ ժամերի։ Բայց ինչպե՞ս պետք էր հաշվել ժամանակը։ Ժամանակը հաշվելու առաջին սարքը արեգակնային ժամացույցն էր, որը շատ հեշտ էր պատրաստվում։ Հարթ տարածության կենտրոնում ձող էին խրում, որն արևոտ օրը ստվեր էր գցում ժամանակակից ժամացույցի թվատախտակի ձևով գծված շրջանի վրա։ Օրվա ընթացքում ստվերը տեղաշարժվում էր, և նրա դիրքով մարդիկ որոշում էին ցերեկվա ժամը։ Արեգակնային ժամացույցները շատ տարածված էին հին ու միջնադարյան Հայաստանում։ Դրանց շարքում կային այնպիսիները, որոնց թվատախտակն ուներ ոչ թե հորիզոնական, այլ` ուղղաձիգ դիրք։ Մինչև այժմ էլ ուղղաձիգ արեգակնային ժամացույցներ պահպանվել են Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Բայց ամպամած օրերին և գիշերը արեգակնային ժամացույցը չէր աշխատում։ Հորինեցին մեկ այլ՝ ջրի ժամացույց։ Ջուրը հավասարաչափ, կաթիլ առ կաթիլ, մի անոթից մյուսն էր լցվում։ Սլաքով լողանը իջնում կամ բարձրանում էր։ Այդպիսի ժամացույցները ժամանակը ցույց էին տալիս թե՛ ցերեկը և թե՛ գիշերը։ Իսկ ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը։ Բայց այս բոլոր ժամացույցներն այնքան էլ հարմար չէին։ Մեխանիկական ժամացույցի մասին առաջին հիշատակությունը, որ վերաբերում է 578 թ., գիտնականները գտել են հին բյուզանդական ձեռագրերում։ Առաջին մեխանիկական ժամացույցներն ունեին միայն մեկ՝ ժամային սլաք։ 1404 թ. Մոսկվայի Կրեմլում կառուցվեց Ռուսաստանում առաջին աշտարակային ժամացույցը։ Շուտով աշտարակային ժամացույցներ հայտնվեցին ուրիշ շատ քաղաքներում։ Դրանից էլի մի հարյուր տարի անց Եվրոպայում պատրաստվեցին գրպանի առաջին ժամացույցները։ 1657 թ. հոլանդացի գիտնական Բ. Հյուգենսը ժամացույցին ճոճանակ ավելացրեց։ Ճոճանակը, որ ծայրին բեռ ունեցող երկար մի ձող էր, համաչափ ճոճվում էր և յուրաքանչյուր տատանում կատարում միևնույն ժամանակահատվածում։ Ճոճանակ չունեցող ժամացույցներն օրվա ընթացքում առաջ կամ ետ էին ընկնում մոտ 15 րոպեով։ Այժմ ճոճանակավոր ճշգրիտ ժամացույցներն օրվա ընթացքում առաջ կամ ետ են ընկնում ոչ ավելի, քան մեկ վայրկյանով: Ճոճանակը կարգավորում է ժամացույցի ընթացքը։ Բոլոր ժամացույցներում կա մի անհրաժեշտ մաս ևս՝ էներգիայի աղբյուր, որը