Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/122

Այս էջը հաստատված է

բջիջներ), նրանք իրենց կորիզներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրանցված է այնտեղ, այլ միայն այդ բջջի աշխատանքի համար անհրաժեշտ որոշակի «տողերը»։ Բայց բջիջները միշտ էլ աշխատում են այնպես, ինչպես «գրանցված» է նախնի բջիջներից ստացված գեներում։ Հենց դա էլ ժառանգականության երևույթի պատճառն է, այն բանի պատճառը, թե ինչու են երեխաները նման իրենց ծնողներին։ Եթե խաչաձևենք տարբեր ցեղի կենդանիներ կամ տարբեր սորտի բույսեր, ապա միևնույն հատկանիշի (օրինակ, ծաղկապսակի սպիտակ կամ կարմիր գույնի) մասին բջիջներում կստացվեն երկու տեսակի հրաման։ Սակայն հիբրիդների, այսինքն՝ նման խաչաձևումից ստացվածների, բջիջները կատարում են այդ հրամաններից միայն մեկը։ Ուստի և հիբրիդ-կենդանին կամ հիբրիդ-բույսը մի բանով նմանվում է «հորը», մեկ այլ բանով «մորը»։ Բայց երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ոչ ծնողները, ոչ էլ նախնիները։ Նշանակում է, ինչ-որ գեներում քիմիական «տառերը» փոխել են իրենց տեղերը, ստացվել է ուրիշ քիմիական հրաման։ Օրինակի համար վերցրեք «տղա» պարզ բառը և փոխեք տառերի տեղերը։ Կստացվեն «տաղ» կամ «աղտ» միանգամայն տարբեր նշանակության բառերը։ Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը։ Կենսաբանները որոնում գտնում են օգտակար «սխալներ» ունեցող բույսեր ու կենդանիներ և դրանք օգտագործում նոր սորտեր ու ցեղեր ստանալու համար։ Այսօր գիտնականները ռենտգենյան ճառագայթներով և քիմիական նյութերով հատուկ ներազդում են բույսերի սերմերի վրա, որպեսզի ստանան զեների «սխալներով» շատ անհատներ և ապա ընտրեն այն «սխալները», որոնք կարող են պիտանի լինել մարդկանց։

Ժարգոն

Երևի պատահել է, որ, լսելով հայերեն խոսող մարդկանց, նրանց խոսքի իմաստը չեք հասկացել: Պատճառն այն է, որ նրանք խոսել են ժարգոնով: Իսկ ի՞նչ է ժարգոնը։ Ժարգոնը մարդկանց սահմանափակ միջավայրում գործածվող լեզվի տարբերակ է, որը հիմնված է համաժողովրդական լեզվի բառապաշարի ու քերականության վրա, բայց որոշ բառեր, քերականական ձևեր ու արտահայտություններ այնպես են ձևափոխված, որ հասկանալի են ոչ բոլորին։ Ժարգոնը, ինչպես նաև սրան շատ բաներով նման արգոն, հատուկ է հասարակական այս կամ այն խավին, հատկապես ապադասակարգայնացած տարրերին՝ գողերին, խաղամոլներին, մաքսանենգներին, խաչագողներին։ Նրանք ձգտում են ինքնահնար բառերով կազմած խոսքով մեկուսանալ հասարակությունից, հասկանալի չլինել ուրիշներին։ Այս պատճառով էլ այդպիսի խոսքը երբեմն կոչվում է ծածկալեզու։ Օրինակ, Րաֆֆին իր «խաչագողի հիշատակարանը» վեպում խաչագողների խոսքից բերում է մի քանի նմուշ. «հոգվոց կարդալ» նշանակում է կողոպտել, «հարսանիք» նշանակում է քննություն, «կարմիր տունը»՝ Սիբիր, «գեղի խոտը»` միս։ Իրենց ժարգոնն ունեն նաև դպրոցականները, ուսանողները, զինվորականները, երաժիշտները, օդաչուները... Թեև գեղարվեստական գրականության մեջ ժարգոնը և արգոն օգտագործվում են հերոսների խոսքը տիպականացնելու համար, այնուամենայնիվ, այդ միջոցը հանձնարարելի չէ։ Պետք է մեկընդմիշտ հրաժարվել «հաջող» («հաջողություն» իմաստով), «նապրիմեր եմ ասում», «պենիայի ժամ», «սլուչայնի եղավ» և մնացած բոլոր արգո և ժարգոնային արտահայտություններից, ինչպես նաև «ուրեմն», «հասկանում ես», «գիտես», «մի խոսքով», «այսպես ասած» և նման բառերի ու բառակապակցությունների անհարկի կրկնություններից։ Եվ որքան խուսափեք նման արտահայտություններից, այնքան ձեր խոսքը կդառնա գեղեցիկ, մաքուր, հասկանալի ու կիրթ։ Այդ մասին դուք կարող եք կարդալ նաև «խոսքի մշակույթ» զրույցում։

Ժենշեն

Արևելյան մի այսպիսի առած կա. «Կենդանիների թագավորը վագրն է, բույսերի թագավորը՝ ժենշենը»։ Բայց եթե վագրն իրոք նման է «կենդանիների թագավորի», ապա «բույսերի թագավորը» շատ աննշան