տեսք ունի: Ցողունը բարալիկ է, տերևները՝ նեղ ու կտրտված, պտուղները փոքր, անհամ։ Իսկ, այ, երբեմն մարդու կերպարանք հիշեցնող նրա արմատը հաստ է ու խոշոր։ Ամիսներ շարունակ ժենշեն հավաքողները թափառում էին հեռավորարևելյան տայգայում` գտնելու համար այդ արմատը, որը շատ թանկ արժեր։ Շատ մարդիկ էին զոhվում տայգայում, բայց անընդհատ նորանոր հավաքողներ էին ուղևորվում կախարդական արմատը գտնելու։ «Ժենշեն» բառը չինարեն է և նշանակում է «կյանքի արմատ»։ Պատահական չէ, որ բույսն այդպես են անվանել, և պատահական չէ նաև, որ նրա արմատն այդքան թանկ արժեր. այդ արմատից պատրաստում են դեղորայք ծանր հիվանդությունների բուժման համար։ Բայց ժենշենը շատ հազվագյուտ բույս է, և տարեցտարի նրա քանակն ավելի էր պակասում։ Եվ ահա մարդիկ որոշեցին ժենշենն աճեցնել։ Դա հեշտ գործ չէր, բայց նրանք չէին հուսահատվում, չէ՞ որ խոսքը հազարավոր հիվանդների կյանքը փրկելու մասին էր։ Մարդիկ հասան իրենց նպատակին։ Այժմ ժենշեն գտնելու համար տայգա գնալու կարիք չկա, այն աճեցնում են հատուկ պլանտացիաներում։ Սովետական Միությունում այդպիսի պլանտացիաներ կան Հեռավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Արհեստական ճանապարհով ժենշեն աճեցնում են նաև մեր հանրապետությունում։
Ժիտկով Բորիս Ստեպանովիչ
Տաս տարեկան էլ դեռ չկար, բայց արդեն հիանալի լող էր տալիս, մակույկով մեն-մենակ դուրս գալիս բաց ծով` շարժելով հարևան տղաների նախանձը։ Ոչ մի համադասարանցի նրանից ավելի լավ ու արագ չէր կարողանում ծովային հանգույցներ կապել, թիավարել, կանխագուշակել եղանակը, զանազանել միջատներին ու թռչուններին: Նրան դուր էին գալիս դժվարություններից ու վտանգներից չվախեցող պարզ ու առնական մարդիկ։ 13 տարեկան հասակում Օդեսայի նավահանգստի իր բեռնակիր ընկերներին նա օգնում էր հեղափոխական թռուցիկներ տպագրել և տարածել։ Բորիս Ժիտկովը երազում էր ճանապարհորդել հեռավոր երկրներ։ Նա հասկանում էր, որ կյանքում կարող են պետք գալ ամենաբազմազան գիտելիքներ, և դրա համար էլ համառորեն պարապում էր, ուսումնասիրում տեխնիկա, բնագիտություն, սովորում օտար լեզուներ։ Կամքի ու համառության շնորհիվ նա ձեռք բերեց բազմաթիվ մասնագիտություններ։ Եղավ քիմիկոս, նավաշինարար, նույնիսկ` հեռավոր նավարկության ղեկապետ (շտուրման)։ Եվ իրականացրեց իր երազանքը` եղավ աշխարհի շատ ու շատ քաղաքներում ու երկրներում, մասնակցեց շուրջերկրյա ճանապարհորդության ու գիտարշավների։ Իսկ որ երբևէ գրող կդառնա, Բորիս Ժիտկովը չէր էլ մտածում։ Պարզապես ծանոթների շրջանում հրաշալի պատմողի համբավ էր վայելում։ Մի անգամ Կ. Ի. Չուկովսկու խնդրանքով Ժիտկովը գրի առավ իր պատմություններից մեկը։ Դա էլ բախտորոշ եղավ նրա կյանքում։ Շուտով ամսագրերում հայտնվեցին Ժիտկովի զըվարճալի պատմությունները երեխաների համար` «Փղերի մասին», «Կապիկի մասին», «Մանգուստ», «Կողմնացույց», «Ձեռագիրը» և այլն։ Բորիս Ստեպանովիչը գրում էր իսկական քաջության, ընկերասիրության, աշխարհի բազմաթիվ հետաքրքրական իրերի ու երևույթների մասին։ Երեխաներն անմիջապես սիրեցին նրա գրքերը։ Ինչի մասին էլ որ գրում էր Ժիտկովը, տեսել էր իր իսկ աչքով կամ պատրաստել սեփական ձեռքերով։ Դրա համար էլ նրա պատմվածքներն այդքա՜ն գրավիչ են։