Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/126

Այս էջը հաստատված է

ավելի վաղ, քան դրանք ասպարեզ կիջնեին։ Նրա գրքերում նկարագրված են սուզանավ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կառավարվող օդապարիկ, ռադիոընդունիչ, հեռուստացույց, կինո, էլեկտրաշարժիչ... Նա կանխատեսել է թե՛ տիեզերական թռիչքների, թե՛ օվկիանոսների գաղտնիքների մեջ թափանցելու և թե՛ հյուսվածքների ու օրգանների փոխպատվաստման մասին։

20-րդ դարում գիտությունների և տեխնիկայի բուռն զարգացումը վաղուց անցել է Ժյուլ Վեռնի ամենախիզախ երևակայության սահմանները։ Այսօր կան շատ ավելի հզոր շարժիչներ, քան նրանք, որ տեղակայված էին «Նաուտիլուս»–ի վրա, շատ ավելի նուրբ գործիքներ ու սարքեր, որ օգտագործվում են նավագնացության մեջ ու ծովերի խորքերն ուսումնասիրելու համար։ Մեզ՝ ատոմային սուզանավերի ժամանակակիցներիս, նավապետ Նեմոյի հրաշալի նավը վաղուց արդեն տեխնիկայի հրաշք չի թվում։ Տիեզերական թռիչքների մասին էլ մենք այսօր գիտենք շատ ավելին, քան Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» վեպի հերոսները։ Եվ այնուամենայնիվ, Ժյուլ Վեռնի գրքերը այսօր էլ մեր ամենասիրելի գրքերից են։

Ակամայից դարձյալ ուզում ես դրանք համեմատել հեքիաթների հետ։ Մենք վաղուց ենք դադարել հավատալ հրաշքների գոյությանը, բայց հրաշապատում հեքիաթներ այսօր էլ սիրով ենք կարդում։ Եվ ոչ միայն կարդում ենք, այլև հավատում։ Հավատում ենք ճիշտ այնպես, ինչպես հավատում ենք ամեն մի ճշմարիտ գրողի, որն ստեղծում է գեղարվեստական իր աշխարհը, լինի այն իրական, թե ֆանտաստիկ։

Ժյուլ Վեռնը մեզ համար թանկ է նաև նրանով, որ հավատում էր գիտության անսահման հզորությանը, որ նրա երևակայությունը հաճախ առաջ էր անցնում գիտական որոնումներից և, անգամ, ուղղություն տալիս դրանց։ (Կ. է. Ցիոլկովսկին ասում էր, որ տիեզերական թռիչքների մասին միտքը իրեն հուշել են Ժյուլ Վեռնի գրքերը): Բայց և այնպես, Ժյուլ Վեռնի գրքերի գլխավոր հմայքն այն է, որ նրանցում ապրում ու գործում են խիզախ, պրպտող մտքի և ազնիվ սրտի տեր մարդիկ, մարդիկ, որոնք բոցավառ հավատ ունեն բարու հաղթանակի հանդեպ և հոգու ողջ ուժով ատում են չարը։ Հենց այդ պատճառով է, որ այսօրվա ընթերցողները նույնպիսի ոգևորությամբ, ինչպես նրանց հայրերն ու պապերը ժամանակին, միշտ պատրաստ են ուզածդ հեռավոր ճանապարհորդության մեկնել Ժյուլ Վեռնի հերոսների՝ անվեհեր Հատերասի, զվարթ Միշել Արդանի, մտացրիվ Պագանելի, վեհանձն նավապետ Նեմոյի հետ։

Ժողովրդական դեպուտատների սովետներ

Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պետությունն սկսեցին կառավարել բանվորներն ու գյուղացիները, հաստատվեց սովետների իշխանություն։

Սովետներ կազմում են ժողովրդի ընտրած դեպուտատները։ Սովետական Միության տարածքում ժողովրդական իշխանության այդ մարմիններն առաջացել են դեռևս 1905—1907 թվականների առաջին ռուսական հեղափոխության ժամանակ։ Դրանք բանվորների սովետներ էին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կազմավորվեցին բանվորների, գյուղացիների և զինվորների (ավելի ուշ՝ կարմիրբանակայինների) դեպուտատների սովետներ։ 1936 թ. բանվորների, գյուղացիների, կարմիրբանակայինների, դեպուտատների սովետները վերակազմվեցին աշխատավորների դեպուտատների սովետների, որոնք այդպես էին անվանվում մինչև ՍՍՀՄ նոր սահմանադրության ընդունումը 1977 թ. հոկտեմբերին։ Այժմ դրանք կոչվում են ժողովրդական դեպուտատների սովետներ։

Սովետական Միությունում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչպես որ գրված է մեր սահմանադրության մեջ։ Պետական իշխանությունը ժողովուրդն իրականացնում է ժողովրդական դեպուտատների սովետների միջոցով։ Ավանում ապրողների համար կա ավանային սովետ, քաղաքում՝ քաղաքային սովետ։ Սովետներ կան բոլոր հանրապետություններում, երկրամասերում, մարզերում, քաղաքներում, շրջաններում, գյուղերում, ստանիցաներում, խոշոր ղշլաղներում ու աուլներում։

Մոսկվայում, Սովետսկայա հրապարակում, կա մի շենք, որի վրա միշտ փողփողում է կարմիր դրոշը։ Մոսսովետն է՝ ժողովրդական դեպուտատների Մոսկվայի սովետը, որի դեպուտատ է բազմիցս եղել Վ. Ի. Լենինը։ Հիմա էլ Մոսկվայի քաղաքային սովետի ամեն մի հերթական ընտրությունից