Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/135

Այս էջը հաստատված է

Այս բոլոր հարցերին պատասխանելու համար, պետք է շատ լավ իմանալ բազմաթիվ գիտություններ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, գծագրություն և այլն։ Այդ բոլոր գիտություններին քաջատեղյակ և դրանց օգնությամբ հուսալի կամուրջ կամ արագընթաց ավտոմոբիլ կառուցող մարդուն անվանում են ինժեներ։ Այն ինժեներները, ովքեր մշակում են կամուրջների, տների և այլ կառույցների նախագծեր և ապա կառուցում դրանք, կոչվում են ինժեներ֊մեխանիկներ, ինժեներ-շինարարներ։ Կան ինժեներ–քիմիկոսներ, ինժեներ-էլեկտրիկներ, ինժեներ-ջերմատեխնիկներ և ուրիշ շատ մասնագիտությունների ինժեներներ։ Գործարաններում և ֆաբրիկաներում ինժեներները ղեկավարում են արտադրամասերի և լաբորատորիաների աշխատանքը։

Շատ բան գիտե և շատ բան կարող է անել ինժեները։

Ինկվիզիցիա

Ինկվիզիցիա (հայերեն օգտագործվում է նաև «հավատաքննություն» տերմինը) էր կոչվում կաթոլիկ եկեղեցու գաղտնի դատարանը, որ գոյություն ուներ Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում, 13-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբը։ Եկեղեցին պաշտպանում ու ամրապնդում էր տիրող ֆեոդալական կարգը, խոշոր հողատերերի իշխանությունը։ Եկեղեցականներն իրենք Հռոմի պապի գլխավորությամբ տիրում էին ընդարձակ հողերի և ունեին մեծաթիվ գյուղացիներ, որոնց դաժանորեն շահագործում էին։ Քաղաքների և գյուղերի բնակիչները ծանր հարկեր էին վճարում եկեղեցուն։ Աճում էր ժողովրդի դժգոհությունը։ Դժգոհներին հալածելու, աստծու հանդեպ կույր հավատ սերմանելու, ժողովրդին հնազանդության, վախի և տգիտության մեջ պահելու համար էլ հենց ստեղծվեց ինկվիզիցիան։

Ինկվիզիցիայի խուզարկուները վխտում էին ամենուր։ Ով հանդգնում էր մտածել ու դատել ոչ այնպես, ինչպես սովորեցնում էր եկեղեցին, կամ մի խոսք էր ասում իշխանների ու տերտերների դեմ, կամ էլ փորձում հասկանալ, թե ինչպես են կառուցված շրջապատող աշխարհն ու ինքը մարդը, ապա նրան ինկվիզիտորները բռնում ու զնդան էին նետում, հայտարարում հերետիկոս, այսինքն՝ հանցավոր աստծու առջև։ Թուլակամ մարդիկ, չդիմանալով խոշտանգումներին, «խոստովանում էին», թե հերետիկոս են, աննկունները «համառում էին»։ Ինկվիզիցիայի ճանկն ընկած բոլոր մարդկանց, որպես կանոն, նույն ճակատագիրն էր սպասում. ինկվիզիտոր-դատավորները հերետիկոսի նկատմամբ դաժան դատավճիռ էին արձակում՝ դատապարտում էին մահապատժի, ցմահ բանտարկության կամ աքսորի։ Եկեղեցական կանոններով արգելված էր մարդկային արյուն թափելը։ Ուստի և ինկվիզիտորներն իրենց զոհերին սովորաբար դատապարտում էին ողջակիզման։ Դա համարվում էր դատաստանի գթասիրտ միջոց՝ «անարյուն մահապատիժ»։ Շատ հաճախ ինկվիզիտորներն սպանում էին բոլորովին անմեղ մարդկանց։ Մեկին զնդան նետելու համար բավական էր որևէ անարգ մարդու մատնությունը։ Մատնիչը գիտեր, որ դատապարտյալի ունեցվածքի մի մասն ինքը պարգև կստանա, մյուս մասը բռնագրավվում էր եկեղեցու օգտին, մի բան, որ ինկվիզիտորներին դրդում էր է է՛լ ավելի եռանդով գործելու։

Ինկվիզիցիան ամենայն կատաղությամբ հալածում էր գիտնականներին։ խարույկի վրա այրեցին մեծ աստղագետ ու փիլիսոփա Ջորդանո Բրունոյին, խոշտանգումների սպառնալիքով Գալիլեո Գալիլեյին հարկադրեցին հրաժարվել Կոպեռնիկոսի ուսմունքից և ընդունել, որ Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Գիտնականների հետ հրկիզում էին նաև նրանց գրքերը։

Ինկվիզիցիան վերացվեց ֆեոդալական կարգերի անկումից հետո միայն։

«Ինտերնացիոնալ»

1871 թ. մայիսին հեղափոխության թշնամիները հաշվեհարդար տեսան։ Փարիզի կոմունայի մասնակիցների հետ՝ գնդակահարեցին ողջ մնացած կոմունարներին։

Կոմունարներից ոմանց, սակայն, հաջողվել էր թաքնվել։ Նրանց մեջ էր նաև բանվորների համար շատ երգեր գրած ֆրանսիացի բանաստեղծ էժեն Պոտիեն, որն ինքն էլ ժամանակին բանվոր էր եղել։

Այդ սարսափելի օրերին Պոտիեն սկսեց մի նոր երգ գրել և որոշեց այն ձոնել ապստամբներին, մարդկանց, որոնք ստեղծեցին աշխարհում առաջին բանվորական կառավարությունը՝ Փարիզի կոմունան։ Թղթի վրա շարվեցին առաջին տողերը։