Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/140

Այս էջը հաստատված է

Անհաջողություն կրելով Լենինգրադի և Մոսկվայի մատույցներում՝ գազազած թշնամին նետվեց հարավ, դեպի Կովկաս։ Հ. Իսակովին նշանակում են Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ և ուղարկում հարավային ճակատ։ Նրա անմիջական ղեկավարությամբ Կովկասյան ծովափի երկարությամբ ստեղծվում է պաշտպանական գիծ և անառիկ է դարձվում Տուապսե տանող ճանապարհը՝ «հարավային դարպասը»։ Մարտական շատ գործողությունների Իսակովը մասնակցում էր անձամբ։ Տուապսեի պաշտպանական մարտերից մեկի ժամանակ, 1942 թ. հոկտեմբերին, նա ծանր վիրավորվում է և զրկվում ձախ ոտքից, սակայն շարունակում է մնալ մարտական դիրքերում՝ վարելով Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Այնուհետև նշանակվում է պաշտպանության ժողկոմի տեղակալ։

1944 թ. Հ. Իսակովին շնորհվում է նավատորմի ծովակալի, իսկ 1955 թ.՝ ՍՍՀՄ նավատորմի ծովակալի կոչում։ Նա արժանացել է նաև Սովետական Միության հերոսի կոչման։ Նրա կրծքին շողշողում էին բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ։

Իսակովը նաև գիտնական էր։ Նրա գրչին են պատկանում գիտական մի շարք արժեքավոր աշխատություններ, որոնց համար նա ստացել է ռազմածովային գիտությունների դոկտորի աստիճան։ Նա ընտրվել է ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ «Ծովային ատլասի» առաջին հատորը նախապատրաստելու և հրատարակելու համար 1951 թ. նա արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի։ Այս աշխատությունը հայտնի է որպես ծովայինների հանրագիտարան։

Իսակովը նաև գրող էր։ Նա գրել է ծովային կյանքին նվիրված շատ պատմվածքներ, ուսումնասիրություններ ծովայինների, ինչպես նաև` Սովետական Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի մասին։

Հ. Իսակովն ամբողջ հոգով կապված էր իր հարազատ հայ ժողովրդի հետ։ 1953 թ. նա եկավ Հայաստան, հիացավ գեղեցիկ Երևանով, ծանոթացավ հայ ժողովրդի նվաճումներին, հանդիպումներ ունեցավ աշխատավորների ու մշակույթի գործիչների հետ։ Հանդիպումներից մեկի ժամանակ Ավ. Իսահակյանը, դիմելով նրան, ասաց.

-Մենք միշտ հպարտացել ենք ռուս զորավարներով և կրկնակի ուրախ ենք, երբ այդ դյուցազունների շարքում տեսնում ենք նաև Ձեզ, հայ ժողովրդի զավակ ծովակալ Իսակովին։

Հ. Իսակովի անունն է կրում սովետական խոշոր մի ջերմանավ։

Իսահակյան Ավետիք Սահակի

1975 թ. նոյեմբերի 16-ն էր։ Մոսկվայի Մեծ թատրոնի ոսկեզօծ դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Բեմի ետնամասում փակցված մեծադիր նկարից նայում էր իմաստուն, հանդարտ մի դեմք։ Դա մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր։ Այդ օրերին ամբողջ Սովետական Միությունում և արտասահմանյան շատ երկրներում տոնվում էր նրա ծննդյան հարյուրամյակը։ Իսահակյանը չկար արդեն, բայց անմահ էին նրա սքանչելի ստեղծագործությունները, որոնք թարգմանվել էին բազմաթիվ լեզուներով և հիացրել բոլորին իրենց գեղեցկությամբ, զգացմունքների հարստությամբ, բարձր արվեստով։ Դեռևս 1916 թ. ռուս նշանավոր բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը նրա մասին գրել է. «Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է։ Թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ այժմ չկա ամբողջ Եվրոպայում»։

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), բայց իր մանկությունն անց է կացրել հայրենի Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում։ Դեռ մանուկ հասակից նա սնվել-մեծացել է ժողովրդի մեջ, սիրել «քարից, հողից հաց քամող» գեղջուկների պարզ, աշխատասեր վարքն ու բարքը, հոգու ազնվությունը։ Այդ սերն ու հիացումն է, որ հետագայում դարձան պայծառ բանաստեղծություններ և ամփոփվեցին 1897 թ. լույս տեսած «Երգեր ու վերքեր» ժողովածուում։ Ո՞ւմ հայտնի չեն «Ալագյազի մանիներ» գեղեցիկ շարքը, «Մաճկալ ես, բեզարած ես», «Դարդս լացեք», «Սև, մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի, յարս տարան», «Որսկան ախպեր» բանաստեղծությունները, որոնք այնքան հստակ ու բնական են գրված, որ թվում է, հենց ինքը՝ ժողովուրդն է հյուսել այդ տողերը և հետո էլ վերածել երգի։

Ավետիք Իսահակյանը շատ զգայուն սիրտ ուներ, բոլոր մարդկանց վշտերն ու ուրախությունները նա իրենն էր համարում, բոլոր անարդարություններն ու բռնությունները