հակումներն ուրիշ էին։ Նա ձգտում էր դեպի արվեստ և մասնավորապես ճարտարապետություն։ Շուտով Իսրայելյանը ընդունվում է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժինը, իսկ երկու տարի անց տեղափոխվում Լենինգրադ... Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիան ու նրա ճարտարապետական վարպետության կատարելագործման դասընթացները գերազանց ավարտելուց հետո 1936 թ. երիտասարդ ճարտարապետը տեղափոխվում է Երևան և նվիրվում իր սիրած աշխատանքին, հարազատ հանրապետությունը շենացնելու, կառուցելու գործին։ Ստեղծագործական գործունեության առաջին տարիներին, համագործակցելով ճարտարապետ Գևորգ Քոչարի հետ, Իսրայելյանը ձեռնարկեց «Արարատ» տրեստի Երևանի գինու գործարանի պահեստարանի նախագծումն ու կառուցումը։ Ճակատով դեպի Հրազդանի ձորը նայող այդ բազալտակերտ կառույցն, ասես, դարձել է ժայռերի շարունակությունը։ Այսպիսի մոտեցումը՝ կառույցը ներդաշնակել, ձուլել բնությանը, հայ ճարտարապետության ամենաբնորոշ հատկանիշներից է։ Իսրայելյանն իր ստեղծագործական ողջ կյանքում հավատարիմ մնաց այդ սկզբունքին՝ հարազատ մնալ բնությանը և չխաթարել այն։ Դրա փայլուն ապացույցներից մեկն էլ Հրազդանի ջրանցույց-կամուրջն է, որը ձորի երկու ժայռապատ ափերը կապող ուլունքաշար լինի կարծես։ Երևանի այդ հատվածում ձորի երկայնքով անցնող գողտրիկ փողոցն այսօր կրում է Իսրայելյանի անունը։ Հետագա տարիներին Իսրայելյանը խորապես ուսումնասիրեց ու չափագրեց հայ ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ։ Նա եղավ աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողներից մեկը։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված առաջին աղբյուր-հուշարձանը կառուցվել է նրա նախագծով` 1942 թ., Փարաքար գյուղում։ Պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի պատվին Երևանի Հաղթանակի զբոսայգում կանգնեցվեց մոնումենտ, որի վեհաշուք պատվանդանի հեղինակը Իսրայելյանն է։ Պատվանդանի մեջ, որն այսօր պսակված է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանով, ամփոփված է «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանը։ Այդ աշխատանքի համար Իսրայելյանին շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ։ Հազիվ թե գտնվի մեր հանրապետություն ժամանած որևէ հյուր կամ զբոսաշըրջիկ, որ չայցելի Սարդարապատի հերոսամարտին նվիրված հոյակապ հուշահամալիրը՝ ստեղծված Ռ. Իսրայելյանի նախագծով ու անմիջական ղեկավարությամբ։ Սա նոր խոսք է հուշարձանային շինարարության մեջ՝ սերտորեն կապված ազգային ձևերի ու խորհրդանիշների հետ։ ... Պահապան ցուլերը ձևավորել են համալիրի մուտքը, որոնց առանցքով վեր է խոյանում մոտ 30-մետրանոց զանգաշտարակը։ Ծառուղու երկայնքով կանգնած քարակոփ արծիվները խորհրդանշում են հայրենի հողի համար
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/146
Այս էջը հաստատված է