Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/147

Այս էջը հաստատված է

մարտնչող ժողովրդի ոգին։ Ծառուղին ավարտվում է կոր պատով, որի վրա բարձրաքանդակի ձևով պատկերված է բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Քիչ այն կողմ, փոքր բարձունքի վրա տեղավորված է սովետահայ ճարտարապետության ամենանշանակալից գործերից մեկը՝ Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որի շինարարությունը ճարտարապետի նախագծով ավարտվեց արդեն նրա մահից հետո։ Իսրայելյանի նախագծերով են կառուցվել այնպիսի հրաշալի կոթողներ, ինչպես հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանը Ապարանում, մուսալեռցիների հերոսամարտին նվիրված հուշարձանը Մուսալեռ ավանում և այլն։ Իսրայելյանը միշտ լավատես էր, սիրահարված հայրենի հողին ու բնությանը։ Անչափ սիրում էր մանուկներին, նրանց համար գրում գողտրիկ պատմվածքներ, որոնցից մի քանիսը հրատարակվել են «Իմ մորուքի պատմությունը» խորագիրը կրող գրքում։ Վառ անհատականությամբ օժտված ճարտարապետն աշխատում էր ինքնամոռաց, անմնացորդ նվիրումով։ Հանրապետության շատ վայրերում կարելի է տեսնել նրա մեծ ու փոքր սքանչելի գործերը՝ բնակելի ու հասարակական շենքեր, հուշարձաններ, աղբյուր-հուշարձաններ, հանգստի տներ ու արդյունաբերական կառույցներ։ Այդ բազմաթիվ գործերի մեջ կա մեկը, որը, թեև չափերով փոքր, բայց, թերևս, վարպետի ամենասիրած ու փայփայած կոթողն էր։ Դա «Մասսի տաճարն» է Գառնի տանող ճանապարհի վրա։ Ինքն այդպես էր կոչել քարակոփ կամարը ոչ մեծ բլրի վրա, որտեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Մասիսն ու Արարատյան դաշտը։ Կամարով մեկ փորագրված են Ե. Չարենցի հայտնի խոսքերը. «Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Ժողովուրդը գեղեցիկ լեգենդ հյուսեց՝ կապելով կամարը բանաստեղծի անվան հետ, ու կոչեց «Չարենցի կամար»։ Ըստ արժանվույն բարձր է գնահատվել Ռաֆայել Իսրայելյանի մեծ վաստակը. 1970 թ. նրան շնորհվեց ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչում:

Իտալիա

(Իտալական Հանրապետություն)

Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում, Ապենինյան թերակղզու և նրան հարող Սիցիլիա, Սարդինիա և այլ կղզիների վրա։ Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի տաք ջրերը։ Երկրի գրեթե ողջ տարածքն զբաղեցնում են լեռները: Հյուսիսում ձգվում են իտալական Ալպերի լեռնաշղթաները, որոնց գագաթները պատած են հավերժական ձյունով։ Ալպերը Իտալիան պաշտպանում են հյուսիսային քամիներից։