Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/158

Այս էջը հաստատված է

13 լեզուներով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համար։ Սկսած 1858 թ. ճեմարանում գործում էր նաև թատրոն, որը բազմաթիվ ներկայացումներ է տվել հայերեն և ռուսերեն։ ճեմարանում ուսանած տարիներին այդ ներկայացումներին մասնակցել է նաև ռուս նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Վ. Ս. Ստանիսլավսկին։ ճեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենց ձեռք բերած գիտելիքները սերմանեցին հայ մատաղ սերնդի մեջ՝ ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայաբնակ այլ վայրերում։ Լազարյան ճեմարանում են կրթվել անվանի բանաստեղծներ Ռ. Պատկանյանը, Ս. Շահազիզը, Հ. Հովհաննիպանը, Վ. Տերյանը, ականավոր գիտնականներ ու գրականագետներ Մկրտիչ Էմինը, Ք. Պատկանյանը, Ք. Խալաթյանը, Լ. Մսերյանցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ց. Խանզատյանը, Պ. Մակինցյանը, հայտնի մանկավարժ Ա. Բահաթրյանը, հեղափոխական ու պետական գործիչ Ալ. Մյասնիկյանը և բազմաթիվ ուրիշ հայ մտավորականներ, որոնք խոշոր ավանդ ներդրեցին հայրենի մշակույթի զարգացման գործում։ Լազարյան ճեմարանը արժանի ավանդ ունի նաև ռուսական մշակույթի անդաստանում, մեծապես նպաստել է արևելյան լեզուների ուսուցման գործին և արևելագիտության զարգացմանը Ռուսաստանում։ Լազարյան ճեմարանում, հայերի հետ կողք կողքի, դասավանդել են ռուսական մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ։ Ընդամենը մեկ դար գործեց Լազարյան ճեմարանը, բայց պատմական այդ կարճ ժամանակամիջոցում անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի մշակույթի, պատմության, Ռուսաստանում արևելագիտության զարգացման մեջ և հավերժացավ իբրև հայ և ռուս ժողովուրդների հոգևոր բարեկամության հուշարձան։ Այժմ դասի կանչող զանգակը չի ղողանջում, և պատանեկան կենսուրախ ձայներ չեն հնչում նախկին Լազարյան ճեմարանի շենքում, բայց այն մնում է կանգուն և պահպանվում գորովանքով։ 1921-1953 թվականներին ճեմարանի շենքում գործում էր Մոսկվայի հայ մշակույթի տունը։ Այժմ շենքը վերանորոգվում է և վերածվելու է հայ և ռուս եղբայրական ժողովուրդների դարավոր ու անխախտ բարեկամությունը խորհրդանշող համալիրի։

Լալայանց Իսահակ Քրիստափորի

Ռուսաստանի հեղափոխական նշանավոր գործիչների շարքում իր արժանի տեղն ունի հայ ժողովրդի զավակ Իսահակ Լալայանցը։ Աշխատավոր մասսաների ազատագրման համար պայքարի ելած հայ հեղափոխականներից Լալայանցն առաջինն է բախտ ունեցել ծանոթանալու և գործելու Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ, երբ նա դեռ երիտասարդ էր։ Լալայանցը ծնվել է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում։ Տեղի գավառական դպրոցում նախնական կրթությունն ստանալուց հետո նա 1887 թ. մեկնում է Կազան, ուր ծանոթանում է հայտնի մարքսիստ Նիկոլայ Ֆեդոսեևի հետ, մասնակցում նրա կազմակերպած մարքսիստական խմբակի աշխատանքներին։ 1889 թ. ցարական ոստիկանությունը Ֆեդոսեևի խմբակի ղեկավար անդամների հետ ձերբակալում է նաև Լալայանցին ու արտաքսում Կազանից։ 1892 թ. նա հեղափոխական աշխատանք է տանում Նիժնի Նովգորոդում, ուր նորից է ձերբակալվում և արտաքսվում Սամարա։ Այդտեղ նա ընդգրկվում է Վ. Ի. Լենինի ստեղծած մարքսիստական խմբակի մեջ, բայց շուտով ձերբակալվում է և դատապարտվում 10-ամսյա բանտարկության։ Սակայն աննկուն հեղափոխականին ոչինչ չէր կարող ընկճել։ 1896 թ. Լալայանցը Եկատերինոսլավում (այժմ՝ Դնեպրոպետրովսկ), Իվան Բաբուշկինի և Միխա Ցխակայայի հետ, հիմնում է «Բանվոր