Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/16

Այս էջը հաստատված է

Հյուսիսի բնակիչները վաղուց են գնահատել եղջերուների հիանալի հատկությունները՝ տաք մորթին, ամուր կաշին, համեղ միսը։ Սակայն հյուսիսային եղջերուներ որսալը հեշտ գործ չէ, որովհետև նրանք շատ զգոն են, զգույշ և արագավազ։ Հյուսիսային ժողովուրդները վաղուց ի վեր ընտանի եղջերուներ են բուծում, և նրանք հյուսիսի բնակիչների համար փոխարինում են թե՛ ոչխարին, թե՛ կովին ու ձիուն։ Մինչև վերջերս Հյուսիսում եղջերուների և շների սահնակները միակ փոխադրամիջոցն էին։ Թեթև սահնակին լծված զույգ եղջերուները կարող են վազել ժամում 10 կմ արագությամբ և փոխադրել 100 կգ բեռ։ Ընտանի հյուսիսային եղջերուն տարին բոլոր արածում է բաց երկնքի տակ և կարիք չունի, որ մարդը կերակրի կամ ծածկի տակ առնի նրան։ Հյուսիսային եղջերուները սնվում են եղջերվամամուռով։ Ձմռանը նրանք ուժեղ, լայն կճղակներով կերը փորում հանում են ձյան տակից։ Տաք մորթուց, ամուր կաշվից և համեղ մսից բացի, գնահատվում են նաև որոշ տեսակի եղջերուների չոսկրացած եղջյուրները՝ պանտերը։ Դրանցից ստանում են արժեքավոր դեղանյութ։