Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/160

Այս էջը հաստատված է

Ֆրանսիական գաղութարարների լծից ազատագրվելուց հետո, որը տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից շատ չանցած, Լաոսի տարածքի մեծ մասում իշխանությունը պատկանում էր թագավորական կառավարությանը։ Երկրի հյուսիսային շրջանները հսկում էին Լաոսի հայրենասիրական ուժերը, որոնք Վիետնամի և Կամպուչիայի հայրենասերների հետ միասին երկարատև պայքար էին մղում Հնդկաչինի բոլոր ժողովուրդներին իմպերիալիստական կախումից ազատագրելու համար։ Լաոսի այդ երկու քաղաքական ուժերի միջև կնքվեց համաձայնագիր, որի նպատակն էր վերականգնել բնականոն, խաղաղ կյանքը Լաոսի ողջ տարածքում։

Հեղափոխությունը շարունակում էր ծավալվել։ 1975 թ. վերջին ողջ երկրում հաստատվեց ժողովրդական իշխանություն, թագավորը հրաժարվեց գահից: Երկիրը հռչակվեց հանրապետություն: Այժմ Լաոսի ժողովուրդն ընթանում է զարգացման սոցիալիստական ուղիով: