Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/161

Այս էջը հաստատված է

Լատվիա

(Լատվիական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Սովետական Միության տարածքի արևմտյան մասում, այնտեղ, ուր Բալթիկ ծովի ջրերը ծփում են ցածրադիր, ավազոտ ափերի մոտ, տեղավորված են Մերձբալթյան հանրապետությունները։ Դրանցից մեկը Լատվիական ՍՍՀ-ն է։ Ծովի մոտիկությունն այստեղ զգացվում է ամեն բանում։ Ատլանտյան օվկիանոսից փչող խոնավ քամիները հաճախ են իրենց հետ բերում հորդառատ անձրևներ, որոնք մեղմացնում են ամռան տապն ու ձմռան սառնամանիքը։ Վաղուց ի վեր ծովի հետ են կապված նաև բնակչության զբաղմունքները. լատիշների զգալի մասը ձկնորսներ ու ծովայիններ են։ Ձկան որսով Լատվիան ՍՍՀՄ-ում գրավում է առաջին տեղերից մեկը։ Ծովափին տեղավորված են կարևոր նավահանգիստներ Ռիգան, Վենտսպիլսը, որտեղից նավերն ուղևորվում են զանազան երկրներ։ Սովետական Լատվիան բարձր զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող հանրապետություն է։ Լատիշ բանվորները պատրաստում են էլեկտրագնացքների վագոններ, ավտոմատ հեռախոսակայաններ, հեռախոսներ, բարդ ու ճշգրիտ ուրիշ շատ սարքեր և մեքենաներ։ Դուք բոլորդ էլ, անշուշտ, գիտեք, թե որքան լավն են Ռիգայի «ՎԷՖ» գործարանում արտադրվող հեռուստացույցները, ռադիոընդունիչներն ու տրանզիստորները, որոնք հաճույքով գնում են նաև արտասահմանյան շատ երկրներում։ Կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների լավ մշակված դաշտերում կանաչին են տալիս ցորենի և շաքարի ճակնդեղի ցանքսերը, հյութալի մարգագետիններում արածում են կաթնատու կովերը։ Լատվիական խտացրած կաթը, պանիրը, կարագը, խոզապուխտը, ձկան պահածոները մեծ պահանջարկ են վայելում թե՛ մեր երկրում և թե՛ արտասահմանում: Լատվիայի տարածքով դանդաղորեն հոսում են ջրառատ գետեր, որոնցով