Նրանց մեջ կային բազմաթիվ հմուտ արհեստավորներ, երկրագործներ և առևտրականներ, որոնք նպաստում էին լեհական պետության զարգացմանը։ Այդ պատճառով լեհ թագավորներն աշխատում էին հայերին պահել իրենց տիրույթներում՝ տալով նրանց զանազան արտոնություններ։ Լեհահայերը կառուցել էին եկեղեցիներ, հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ. 17-րդ դարում նրանք ունեին տպարան և թատրոն։ Լեհահայերի միջից դուրս են եկել նշանավոր դիվանագետներ, գիտնականներ, պատմիչներ, բանաստեղծներ և երաժիշտներ։ Ներկայումս Սովետական Հայաստանի և Լեհական ժողովրդական Հանրապետության միջև հաստատված են բարեկամական, գիտական ու մշակութային արգասավոր կապեր, որոնք գնալով ընդլայնվում և զարգանում են։
Լենին Վլադիմիր Իլյիչ
Լուսանում է, մութ երկինքը հետզհետե գունատվում է ու կապույտ հագնում։ Քաղաքը դեռ քնած է, իսկ այս համեստ սենյակում տակավին վառվում է լույսը։ Չորս կողմը` լուսամուտագոգին, աթոռներին, սեղանին, գրքեր են։ Թղթերին հակված մարդը գրում է փութկոտ, ընթեռնելի ձեռագրով. «Մեր առաջ իր ամբողջ ուժով կանգնած է թշնամու ամրոցը, որտեղից մեր գլխին ռումբերի և գնդակների տարափ է տեղում, խլելով մեր լավագույն մարտիկների կյանքը։ Մենք պետք է գրավենք այդ ամրոցը, և մենք կգրավենք այն...»։ Դեպքը տեղի է ունենում 1900 թ.։ Մարդը, որ գրում է, Լենինն է, թշնամու ամրոցը՝ ռուսական ինքնակալությունը, կեղեքման ու բռնության այն կարգերը, որ տիրում էին Ռուսաստանում։ Ռուսաց միապետները կարծում էին, թե իրենց տիրապետությունը հավերժ է, որովհետև իրենց ձեռքին են ուժը, իշխանությունը, հարստությունը, ոստիկանությունը, բանակն ու բանտերը։ Բայց Լենինը գիտեր, որ կգա այն ժամը, երբ ժողովուրդը կընդվզի ընդդեմ բռնակալության։ Այդ էր վկայում պատմության ողջ ընթացքը, ինչպես կանխագուշակել էին մեծ գիտնականներ Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը։
Երիտասարդ Լենինին ընկերները Ծերուկ էին անվանում, որովհետև նա շատ իմաստուն էր, հարուստ գիտելիքներ ուներ և շատ լավ էր հասկանում, թե ինչպես պետք է անել, որպեսզի ժողովուրդը բարեկեցիկ կյանք նվաճի։ «Արդեն այն ժամանակ զգում էիր, որ քո առջև կանգնած է զորեղ մտքի ու կամքի տեր մի պատանի, որն ապագայում հանճարեղ մարդ է դառնալու»,-գրել է երիտասարդ Լենինի ընկերներից մեկը։
Վլադիմիր Իլյիչ Ռւլյանովը (Լենին անունը նրա կուսակցական և գրական կեղծանունն է) ծնվել է Սիմբիրսկ քաղաքում (այժմ՝ Ռւլյանովսկ)։ Հայրն ուսուցիչ էր, հետո նշանակվեց ժողովրդական ուսումնարանների տեսուչ։ Մայրն իր կյանքը նվիրել էր երեխաների դաստիարակությանը։ Ընտանիքն ապրում էր ժամանակի առաջավոր գաղափարներով, երեխաներին սեր ու հարգանք էին ներարկում ժողովրդի հանդեպ, վարժեցնում աշխատանքի և ամենայն պատասխանատվության սեփական արարքների նկատմամբ։
Վոլոդյա Ուլյանովը շատ լավ էր սովորում ոչ միայն իր փայլուն ընդունակությունների շնորհիվ, այլև որովհետև ստանձնած ամեն մի գործ ձգտում էր լավագույնս կատարել։ Վոլոդյան գործունյա, կենսախինդ, շրջապատող աշխարհի հանդեպ խորը հետաքրքրությամբ համակված տղա էր։ Նա համարձակ էր ու անվախ, գյուղացի տղաների հետ գիշերով ձիերին արածեցնելու էր տանում, լողում էր փոթորկի ժամանակ, հաճախ չարաճճիություններ էր անում, սիրում էր երգել, երկար զբաղվում էր կրտսեր եղբոր և քրոջ հետ, նրանց համար հորինում բազմապիսի խաղեր։ Նա հավատարիմ և հուսալի ընկեր էր թե՛ վշտի, թե՛ ուրախության պահերին, քաջ էր, ազնիվ ու արդարամիտ։
Վոլոդյան գիմնազիայի վերջին դասարանում էր, երբ նրանց ընտանիքին մեծ դժբախտություն պատահեց։ Պետերբուրգում ձերբակալեցին ավագ եղբորը՝ Սաշային, որը մասնակցել էր Ալեքսանդր Երրորդ ցարի դեմ կազմակերպված դավադրությանը։ Այդ ժամանակ հայրն արդեն ողջ չէր։ Մայրը Պետերբուրգ մեկնեց՝ հուսալով տեսակցել կալանավորված որդու հետ։ Վոլոդյան դարձավ ընտանիքի ավագը, ընտանիք, որից երես էին թեքել Սիմբիրսկի վախվորած քաղքենիները։
Ալեքսանդր Ուլյանովին մահապատժի ենթարկեցին, բայց սիրելի եղբոր սարսափելի ճակատագիրը միայն ամրապնդեց