Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/169

Այս էջը հաստատված է

սովետական սոցիալիստական պետության հիմնադիրն է։ Բայց որպեսզի հեղափոխությունը, դիմանալով բոլոր փորձություններին, իր հաղթական սկզբից հասնի լիակատար հաղթանակի, անհրաժեշտ է, ասում էր Վ. Ի. Լենինը, քար առ քար դնել նոր հասարակարգի՝ սոցիալիզմի, ամուր հիմքը։ Անհրաժեշտ է անդադար աշխատել, ամենուր կարգ ու կանոն հաստատել, ամրապնդել բանվորների և գյուղացիների դաշինքը։

Լենինը ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային բանվորական ու կոմունիստական շարժման առաջնորդն էր։ Նրա նախաձեռնությամբ 1919 թ. ստեղծվեց 3-րդ` Կոմունիստական ինտերնացիոնալը, որը համախմբեց միջազգային բանվորական շարժման հեղափոխական ուժերը։ Լենինի ողջ կյանքը պատկանում էր մարդկությանը։ Նա աշխատեց այնքան ժամանակ, քանի դեռ ծայրահեղ լարվածությունից առաջացած հիվանդությունը չէր խլել նրա վերջին ուժերը։ Նա մարդկանց նվիրաբերեց իր խելքը, սիրտը, ողջ կյանքը։ Եվ դրանով իսկ արժանացավ հավերժ հիշատակի ու համայն մարդկության երախտագիտությանը։ Անսահման էր աշխատավորների վիշտը, երբ նրանք լսեցին Լենինի մահվան լուրը։ Վերջին հրաժեշտը տալով նրան՝ աշխատավորները սգո դրոշներին գրեցին իբրև երդում հնչող այս բառերը. «Լենինը մեռավ, բայց նրա գործը ապրում է և կապրի»։ Լենինը, զարգացնելով և հարստացնելով մարքսիզմը, հեղափոխական ուսմունքը բարձրացրեց մի նոր՝ բարձրագույն աստիճանի։ Նրա ստեղծած հանճարեղ ուսմունքը՝ լենինիզմը, անվանում են մարդկության՝ կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու և կոմունիզմի կառուցման դարաշրջանի մարքսիզմ։ Լենինի անվան, լենինիզմի հետ են կապված 20-րդ դարի հեղափոխական խոշորպգույն սխրագործությունները՝ սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մի շարք երկրներում և սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ստեղծումը, բանվորական շարժման նվաճումները կապիտալի երկրներում, ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի աննախադեպ վերելքը։ Լենինի ստեղծած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ սովետական ժողովուրդը կառուցում է զարգացած սոցիալիզմի հասարակարգ։ Մեր ժողովուրդը, որը վստահորեն առաջ է ընթանում լենինյան ուղիով, սրբորեն պահպանում է նրա հիշատակը։ Լենինի անունն են կրում համամիութենական կոմունիստական երիտասարդական միությունը և համամիութենական պիոներական կազմակերպությունը։ Կատարելով Լենինի պատգամները, մեր երկրի երիտասարդ սերունդն ակտիվորեն մասնակցում է կոմունիստական հասարակարգի կառուցմանը։ Լենինի գաղափարները զինում և ոգեշնչում են ամբողջ աշխարհի կոմունիստներին ու աշխատավորներին՝ կոմունիզմի լիակատար հաղթանակի համար մղվող պայքարում։ Լենինը մեծ ուշադրությամբ էր հետևում հայ ժողովրդի ազգային-ազատագրական և հեղափոխական շարժմանը, հայ մարքսիստների պայքարին։ Նա անձամբ ճանաչում էր հայ հեղափոխական ու պետական գործիչներ Ի. Լալայանցին, Բ. Կնունյանցին, Ստ. Շահումյանին, Ս. Սպանդարյանին, Ալ. Մյասնիկյանին, Կամոյին ու շատ ուրիշների և բարձր էր գնահատում նրանց գործունեությունը։ Լենինն առաջինն էր, որ հեռագրով ողջունեց Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Նրա երկերը հայերեն հրատարակվել են սկսած 1903 թ.։ Մեծ առաջնորդի կերպարն իրենց ստեղծագործություններում հավերժացրել են բազմաթիվ հայ նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ։ Հայտնի գեղանկարիչ Դ. Նալբանդյանը հատուկ նկարաշար է նվիրել Լենինի կյանքին ու գործունեությանը։ Երբ դուք մի քիչ էլ մեծանաք, կկարդաք ու շատ կսիրեք մեր մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի պոեմները Լենինի մասին։ Մեծ առաջնորդի անունն են կրում մեր հանրապետության երկրորդ քաղաքը՝ Լենինականը, մայրաքաղաք Երևանի կենտրոնական հրապարակը՝ առաջնորդի հոյակապ հուշարձանով, ամենագեղեցիկ պողոտաներից մեկը, փողոցներ այլ քաղաքներում, ձեռնարկություններ ու կոլտնտեսություններ։

Վ Ի Լենինի մասին կարող եք կարդալ հետևյալ գրքերը.

Պոլյանովսկի Մ, Մենք տեսնում ենք Իլյիչին, Ե , «Հայաստան», 1971

Սուզան Լ, Քո ընկեր Վոլոդյա Ուլյանովը, Ե., «Սովետական գրող», 1978

Երեխաներին Լենինի մասին, (պատմվածքներ), Ե , «Սովետական գրող», 1980

Կապիցա Պ , Ընկեր Իվանովը, Ե , «Սովետական գրող», 1981

Հարազատ և մտերիմ, (պատմվածքներ), Ե , «Սովետական գրող», 1976