Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/171

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ քաղաքում շոգեքարշի սուլոց լսվել է 1899 թ. փետրվարի 7-ին. այդ օրը գնացքը Թիֆլիսից (Թբիլիսի) ժամանել է Ալեքսանդրապոլ։ Հետագայում երկաթուղին այստեղից հասել է Կարս, Երևան, Թավրիզ։ Այժմ Լենինականը երկաթուղով, ավտոմայրուղիներով, օդային ուղիներով կապված է մեր և միութենական հանրապետությունների շատ ու շատ քաղաքների և բնակավայրերի հետ։ Սովետական կարգերի հաստատումով ծաղկում ապրեց քաղաքի մշակութային ու գիտական կյանքը։ Բազմաթիվ հանրակրթական դպրոցների, ուսումնարանների, տեխնիկումների, երաժշտական ու նկարչական դպրոցների կողքին Լենինականն ունի գիտական հիմնարկներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ` Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ։ Հետաքրքիր ցուցանմուշներով բազմաթիվ այցելուների է գրավում դեռևս 1930թ. հիմնադրված երկրագիտական թանգարանը։ Գործում են կինոթատրոններ, գրադարաններ, մշակույթի պալատներ, պիոներների պալատ։ Երեխաները սիրով են հաճախում իրենց տիկնիկային թատրոնը, որն առաջինն ստեղծված մանկական թատրոնն է մեր հանրապետությունում։ Քաղաքի մշակութային կարևոր կենտրոններից է Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Լենինականցիները միշտ էլ հայտնի են եղել երգ-երաժշտության իրենց բացառիկ սիրով։ Դեռևս հին Գյումրի-Ալեքսանդրապոլը աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոն էր, աշուղների քաղաք։ Նրանք իրենց արվեստը ցուցադրում էին սրճարաններում, որոնցից ամեն մեկն ուներ իր աշուղը։ Այստեղ են ստեղծագործել մեր անզուգական աշուղներ Ջիվանին, Շերամը, Շիրինը և շատ ուրիշներ։ Առաջին անգամ, 1912 թ., Ալեքսանդրապոլում է բեմադրվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Քաղաքի երաժշտական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն ինքնագործ խմբերը, որոնց մեջ աչքի է ընկնում համամիութենական և միջազգային մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիր, Սևյանի անվան մշակույթի պալատի երգի-պարի անսամբլը։ Գյումրի-Ալեքսանդրապոլը հռչակված էր իր համբավավոր շինարար վարպետներով, որմնադիրներով։ Նրանք են կառուցել Աստվածածնա, Փրկչի եկեղեցիները, Սև և Կարմիր