բերդերը, Առևտրական դպրոցի և օրիորդաց գիմնազիայի բազմահարկ շենքերը, բազմաթիվ ինքնատիպ բնակելի տներ։ Ահա թե ինչպես է նրանց գնահատում Գյումրիի մեծ զավակը` Ավ. Իսահակյանը. «Գյումրվա որմնադիր վարպետները Անիի աշակերտներն են, անտեսանելի, անանուն, անունները մոռացված վարպետների աշակերտներ, որոնք դիտելով մանուկ օրերից Անիի շենքերը, ավերակները, առել են նրանց արվեստը, արվեստի գաղտնիքները...»։ Բացի որմնադիրներից, հայտնի ու համբավավոր են եղել գյումրեցի փայտագործները, քարգործները, պղնձագործները, երկաթագործները, ոսկերիչները։ Այսօրվա Լենինականի հրաշակերտ կառույցներն ու կոթողները վկայում են, որ ժամանակակից շինարար վարպետները պահպանում ու զարգացնում են իրենց նախնիների կառուցողական ավանդույթները։ Հիրավի, տեսարժան են Մայիսյան ապստամբության հրապարակն իր գեղեցիկ շատրվաններով, Աստղի, Լենինի, Երևանյան հրապարակները։ Քաղաքը կառուցապատվել է նոր, բարձրահարկ շենքերով։ Ստեղծվել են խոշոր բնակելի թաղամասեր, բացվել լայնահուն մայրուղիներ, պողոտաներ ու փողոցներ, հիմնվել ստվերախիտ զբոսայգիներ։ Քաղաքը զարդարված է Վ. Ի. Լենինի, Մայիսյան ապստամբության հերոսների, «Մայր Հայաստան», Ավ. Իսահակյանի և շատ ուրիշ գեղեցիկ հուշարձաններով ու կոթողներով։ Իսկ Չերքեզի ձորի կանաչ գոտում ձգվում է լենինականցի երեխաների ամենասիրելի վայրերից մեկը՝ մանկական երկաթուղին։ Կառուցելով և օրըստօրե ընդարձակելով քաղաքի «պարիսպները»՝ լենինականցի ճարտարապետները, քարգործ, փայտագործ, երկաթագործ, որմնադիր վապետները չեն մոռանում իրենց նախնիների Գյումրին, որ քաղաք է քաղաքի մեջ՝ մինչև օրս կանգուն հարյուրամյա տներով ու այլ շենքերով։ Քաղաքի այդ մասը հայտարարվել է «Կումայրի» անունը կրող պատմաճարտարապետական արգելոց, և 1979 թ. ստեղծված ճարտարապետական հատուկ արվեստանոցն այժմ զբաղված է նրա վերականգնման աշխատանքներով։ Արևերես են ելնում հողատակ շեմերն ու նկուղները, շնչում են քարերն ու քիվերը, բացվում դուռ ու դարպասները։ 1984 թ. Լենինականը պարգևատրվեց ժողովուրդների բարեկամության շքանշանով։
Լենինի դամբարան
1924 թ. հունվարի 21-ին սովետական երկրի և ողջ աշխարհի աշխատավորները ծանր վիշտ ապրեցին՝ վախճանվեց Վլադիմիր Իլյիչ Լենինը։
Ապագա սերունդների համար Լենինի կերպարը պահպանելու նպատակով հարկավոր էր անհապաղ կառուցել հատուկ շինություն՝ դամբարան։ Հեղափոխության առաջնորդի թաղման վայր ընտրվեց Կարմիր հրապարակը՝ սովետական պետության մայրաքաղաքի սիրտը։ Դամբարանի նախագծումը հանձնարարվեց ռուս ականավոր ճարտարապետ Ա. Դ. Շչուսևին։ Նա փայլուն կերպով լուծեց այդ շատ բարդ խնդիրը և մի գիշերվա ընթացքում ստեղծեց ժամանակավոր դամբարանի նախագիծ։ Դամբարանը կառուցեցին փայտից, չորս օրում։
Հունվարի 27-ին, ժամը 16-ին սովետական պետության հիմնադրի աճյունը դրվեց դամբարանում։ Հինգ տարի անց դամբարանը վերակառուցվեց։ Փայտը փոխարինվեց քարով, և դամբարանն ավելի վեհ տեսք ստացավ։ Այն երեսապատեցին մուգ կարմիր գրանիտի հղկած սալերով` գոտևորելով սև մարմարի սգո երիզով։ Անպաճույճ, խստաոճ, վսեմաշուք այդ կառույցը, որն արտահայտում է լենինյան գործի անմահության գաղափարը, այսօր հայտնի է ողջ աշխարհին։ Երեք մետր բարձրության հասնող ուղղանկյուն պատվանդանից վեր է հառնում աստիճանաձև բուրգը, որն ավարտվում է սյուների վրա հենված նույնպես աստիճանաձև հատվածով։ Դեպի մուտքը տանում են մի քանի աստիճան։ Մուտքի ներսի պատին Սովետական Միության պետական գերբն է, որը կերտել է քանդակագործ Ի. Դ. Շադրը՝ 1930 թ.։
Մուտքի երկու կողմում սանդուղքներ են, որոնք տանում են դեպի կառավարական տրիբունան։ Մուտքի վերևում պարզ, հստակ տառերով գրված է անսահման թանկ բառը՝ «Լենին»։ Իսկ մուտքի առջև, ասես քարացած, պատվո պահակ են կանգնած երկու ժամապահ, որոնք իրենց ծառայությունը կատարում են համար առաջին պահակակետում։ Ամեն ժամը մեկ հատու, հանդիսավոր քայլքով դամբարանին են մոտենում նոր ժամապահներ՝ փոխվում է պատվո պահակը։