Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/176

Այս էջը հաստատված է

Լենինի հրապարակի վրա են բացվում Աբովյան, Նալբանդյան, Շահումյան, Ամիրյան փողոցները և Հոկտեմբերյան պողոտան, իսկ հյուսիս-արևելքից նրան հարում է Գլխավոր պողոտան։ Լենինի հրապարակը սովետական լավագույն ճարտարապետական համալիրներից է, ոճական միասնության ու կառուցողական բարձր վարպետության մի բացառիկ օրինակ։ Նրա կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀՍՍՀ պետական մըրցանակի։ Մեր մայրաքաղաքի սիրտն է Լենինի հրապարակը, նրա հասարակական կենտրոնը։ Այստեղ են տեղի ունենում տոնական շքերթները, զորահանդեսները, հրավառություններն ու ժողովրդական շատ տոնախմբություններ։ Այստեղ են գալիս պիոներական կազմակերպության շարքերն ընդունվող դպրոցականները` հանդիսավոր երդում տալու մեծ առաջնորդի հուշարձանի առջև։ Օրվա բոլոր ժամերին գեղեցիկ է հրապարակը։ Առանձնահատուկ է հրապարակը մայրամուտին, երբ արևի վերջին շողերից ասես կենդանանում են վարդագույն ու սպիտակ տուֆե կամարներն ու զարդաքանդակները։ Իսկ երբ մութն է իջնում, թանգարանների շենքի առջևի շատրվանները լուսավորվում են հարափոփոխ գույներով, և հնչում է երաժշտություն։ Նրանց հենց այդպես էլ անվանում են՝ «երգող շատրվաններ»:

Լեոնարդո դա Վինչի

1502 թ. ամռանը Ֆլորենցիայի բնակիչները փողոցում հաճախ էին տեսնում անսովոր արտաքինով մի մարդու։ Երկար, ալեխառն մազերը լայն բերետի տակից ալիք-ալիք թափվում էին ուսերին ու թիկունքին։ Դեմքը շրջանակող մեծ մորուքն իջնում էր մինչև կուրծքը, իսկ թավ, կիտված հոնքերի տակից ուշադիր նայում էր քննախույզ հայացքը։ Լայն հագուստը թաքցնում էր պարթև հասակն ու հաղթանդամ մարմինը։

Լեոնարդո դա Վինչին էր այդ մարդը, իտալացի հռչակավոր նկարիչը, քանդակագործն ու ճարտարապետը։ Նա նաև հրաշալի ինժեներ էր, մաթեմատիկոս և անատոմ։

Նա նկարում էր, գյուտեր անում, կառուցում։ Մահից հետո նա թողեց 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև այսօր էլ դեռ լրիվ ուսումնասիրված չեն: Շատ ու շատ զարմանալի բաներ գտան այդ ձեռագրերում՝ է՜լ «թռչնաթիռի» ու պարաշյուտի, է՜լ սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, է՜լ ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական ու հողափոր մեքենաների նախագծեր։ Հետագա հարյուրավոր տարիների ընթացքում այդ ամենը հորինում էին նորից։ Ինքնաթիռի երևան գալուց շատ ու շատ առաջ Լեոնարդո դա Վինչին արդեն ստեղծել էր թռչուն հիշեցնող թռչող ապարատ։ Սակայն այն ժամանակների տեխնիկայի ցածր մակարդակը Լեոնարդոյին խանգարեց իրականացնելու իր նորարարական մտահղացումները՝ չէ որ նա դարերով առաջ էր անցել իր ժամանակից:

Իսկ ահա Լեոնարդո-նկարչի ստեղծագործություններն ավելի երջանիկ ճակատագիր ունեցան: Նրա նկարներով ու անհամար գծանկարներով սքանչացել են թե՛ նրա ժամանակակիցները և թե՛ հետագա սերունդները։ Այսօր էլ մարդիկ ժամերով հերթ են կանգնում նրա ստեղծած թեկուզ մեկ նկար տեսնելու համար:

Իսկ ինչո՞ւ են Լեոնարդոյի ստեղծագործությունները դեպի իրենց ձգում էին միլինավոր մարդկանց։ Նրա նկարները կենսաթրթիռ են ու լուսաթաթախ։ Պատկերված առարկաները և մարդկանց ու կենդանիների կերպարանքներն, ասես, ծավալ ունեն, ցցուն են, քանդակային: Պատկերման հիմնական միջոցը, որով նկարիչը հասնում է դրան, լույսն ու ստվերն են՝ լուսաստվերը: Նրա օգնությամբ Լեոնարդոն նկարում վերարտադրում