Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/177

Այս էջը հաստատված է

էր իրական աշխարհի ողջ բազմազանությունը: Այդ վարպետությանը նա հասել էր բնության մեջ տեղի ունեցող երևույթների խոր իմացության շնորհիվ: Լեոնարդո-գիտնականն օգնում էր Լեոնարդո-նկարչին: Մեր առջև է Լեոնարդոյի հանրահռչակ նկարը` «Մոնա Լիզան», մեզանից գրեթե 500 տարի առաջ ապրած երիտասարդ կնոջ՝ մի հարուստ քաղաքացուհու դիմանկարը (այն կոչվում է նաև «Ջոկոնդա»): Կինը թեթևակի ժպտում է՝ երազկոտ, խոհուն, փոքր-ինչ թախծոտ: Երկար նայելով այդ չքնաղ դեմքին, թափանցում ես կնոջ հարուստ ու բարդ ներաշխարհը, զգում նրա արտասովոր խելքը: Մոնա Լիզան պատկերված է բնանկարի ֆոնին. հեռավոր սարերը, երկրնքը, գետը, ծառերը` ամենը ասես տարրալուծվում է պաղ մշուշում: Լեոնարդոյի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Ծոցատետրերում մանրակրկիտ ու մեծ դիտողականությամբ նա նկարում է ամեն ինչ՝ ծաղիկներ, ծառեր, կատու, թռչնի թևեր, գործվածքի ծալքեր, ձիու ոտքեր: Նա հոյակապ գիտեր մարդու և կենդանիների մարմնի կառուցվածքը, և դա նրան օգնում էր ստեղծելու հրաշալի նկարներ ու գծանկարներ: Այդպիսի նկարներից է «Անգիարիի ճակատամարտը», ուր պատկերված է հեծյալ ռազմիկների կատաղի մարտը: Լեոնարդոն ասել է, որ նկարում արտահայտել է «պատերազմի գազանային խելահեղությունը»: Խաղաղություն էր տենչում նա և ատում էր իշխանների ու մեծատունների գժտություններն ու պատերազմները, որոնք ամայացնում էին Իտալիայի ծաղկուն հողը: Ողջ կյանքում նա ստիպված եղավ թափառել. մեկ Ֆլորենցիայից Միլան էր տեղափոխվում, մեկ` Միլանից Հռոմ, մեկ Հռոմից` Ֆլորենցիա: Վախճանվեց Լեոնարդո դա Վինչին 1519 թ, Ֆրանսիայում, ուր հարկադրված հեռացել էր պատերազմով բռնված հարազատ Իտալիայից: Վերածննդի դարաշրջանի մեծ նկարչի հանճարեղ ստեղծագործությունները նորանոր սերունդների հիացմունքն են հարուցում: Մի շարք գիտնականներ, հենվելով Լեոնարդո դա Վինչիի «հայկական նամակներ» կոչվող ձեռագրերի վրա, ենթադրում են, որ նա ճանապարհորդել է Հայաստանում: Այդ նամակներում Լեոնարդո դա Վինչին տեսարաններ է նկարագրել հայկական բնաշխարհից, նշել է Հայաստանի մասին գիրք գրելու իր մտադրությունը, մանրամասն թվել գրքի գլուխների ցուցակը:

Լեռներ

Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ: Այսօր էլ դեռ շարունակվում են լեռնակազմավորման պրոցեսները, տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ: Կան շատ բարձր լեռներ, օրինակ, Հիմալայները, Պամիրը, Անդերը, Կովկասյան լեռները: Նրանց ձյունապատ ու սառցակալած կատարները խոյանում են ամպերից էլ վեր, գետերը սրընթաց են ու բուռն: Իսկ, օրինակ, Ուրալյան լեռների նման լեռները ոչ բարձր լեռնաշղթաներ են, որոնց զառիկող լանջերը երբեմն մինչև գագաթը ծածկված են լինում թավ անտառներով: Գետերը հոսում են անշտապ, գալարվելով ընդարձակ հարթավայրերով: