Ավելի ուշ Լերմոնտովը տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց յունկերական ուսումնարան, որտեղից երկու տարի անց մտավ գվարդիայի շարքերը։ Այսպիսին են նրա կյանքի արտաքին փաստերը։ Բանաստեղծի ներաշխարհի մասին պատմում են նրա պատանեկան բանաստեղծությունները։ Դրանց մեջ կա մեկը, ուր ասվում է, թե կգա օրը, երբ թագավորները գահընկեց կարվեն։ Լերմոնտովն իր ստեղծագործություններն առաջին անգամ հասարակության դատին հանձնեց, երբ քսան տարեկան էր։ Նա հորինեց «Դիմակահանդես» չափածո դրաման, որտեղ իր խելացի և ինքնուրույն հերոսին պատկերեց սին ու դաժան բարձրաշխարհիկ միջավայրում։ Լերմոնտովյան սուր ու դիպուկ բնութագրումներն զգաստացրին գրաքննությանը, և դրաման արգելվեց։ Այն օրերին, երբ բացվեց Պուշկինի մահվան առիթով գրված բանաստեղծության գործը, ժանդարմները Լերմոնտովին հիշեցրին դրամայի մասին։ Ողջ 1837 թվականը Լերմոնտովն անցկացրեց Կովկասում։ Աքսորից նա Պետերբուրգ բերեց «Երգ Իվան Վասիլևիչ թագավորի, երիտասարդ թիկնապահի և խիզախ վաճառական Կալաշնիկովի մասին» պոեմը։ Ժողովրդական բիլինաների ոգով գրված այս պոեմում նա փառաբանել է հասարակ ռուս մարդուն. Ստեպան Կալաշնիկովը մենամարտի է ելնում ցարի սիրեցյալի դեմ և նրան սպանելուց հետո չի ուզում մեղա գալ ցարի առջև։ Դժվար է գերագնահատել այս մտահղացման համարձակությունը՝ ցարին անհնազանդ մարդուն գովերգել այնպիսի մի ժամանակ, երբ ցարական ժանդարմներն անպատիժ հալածում և սպանում էին Ռուսաստանի լավագույն զավակներին։ Անհնար է առանց հուզմունքի կարդալ «Մծիրի»–ն՝ հայրենիքն ու ազատությունը կորցրած մարդու մասին բոցաշունչ այդ պոեմը։ «Դևը» պոեմը, որը բանաստեղծի փիլիսոփայական բազմամյա խոհերի արգասիքն է, հագեցված է ազատ մտածելու, զգալու և ստեղծագործելու իրավունքի կըրքոտ քարոզով։ Լերմոնտովը գտնում էր, որ բանաստեղծ լինել՝ նշանակում է քաղաքացիական մեծ սխրանք կատարել, մերկացնել հասարակական չարիքները։ Այդ մասին է նա խոսում «Խոհ», «Պոետը», «Մարգարե» բանաստեղծություններում։ «Մեր ժամանակի հերոսը» վեպում Լերմոնտովը ցույց է տալիս, թե ինչպես Նիկոլայ Առաջինի գահակալության շրջանում տիրող անազատ վիճակի, իսկական գործ գտնելու անհնարինության պատճառով կործանվում է խելացի, կրթված ու տաղանդավոր երիտասարդը։ Լերմոնտովի պոեզիայի ուղղվածությունը, հասարակական նշանակությունը, բանաստեղծի օրըստօրե աճող հեղինակությունը գրգռում էին արիստոկրատիային։ Դիմեցին փորձված միջոցի՝ մենամարտ կազմակերպեցին ֆրանսիական դեսպանի որդու հետ և, դատապարտելով Լերմոնտովին, նրան նորից աքսորեցին Կովկաս։ Եվ նորից՝ խորդուբորդ ճանապարհներ ու անծայրածիր հորիզոն։ Նորից Լերմոնտովը տեսավ պետերբուրգյան շքեղ սալոնների ու ռուսական աղքատ գյուղերի խոր հակադրությունը։ Եվ գնալով ավելի լավ հասկացավ, որ հայրենիքի նկատմամբ իր սիրո ակունքը ժողովրդի հանդեպ տածած սերն է։ Այս մասին էլ հենց նա գրում է «Հայրենիք» բանաստեղծության մեջ։
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/183
Այս էջը հաստատված է