Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/185

Այս էջը հաստատված է

սննդի, փայտամշակման, շինանյութերի, կաշվի-կոշիկի, ծխախոտի արդյունաբերությունը։ Նավթավերամշակող ձեռնարկությունները մեծ մասամբ պատկանում են օտարերկրացիներին։ Շատ լիբանանցիներ աշխատանք գտնելու համար ստիպված են հեռանալ այլ երկրներ, քանի որ Լիբանանի տնտեսությունը կախված է Արևմուտքի և Արաբական Արևելքի կապիտալիստական երկրներից։ Երկրի ազգային եկամտի գերակշիռ մասը գոյանում է առևտրից, բանկային գործից ու տուրիզմից։

Մայրաքաղաք Բեյրութը, որ երբեմն անվանում են «Արևելքի Փարիզ», մեծ ու աղմկոտ նավահանգստային քաղաք է, Մերձավոր Արևելքի ֆինանսա-առևտրական խոշոր կենտրոն։ Մինչև 1970-ական թվականների 2-րդ կեսը աշխարհի բոլոր կողմերից ինքնաթիռներով ու նավերով Բեյրութ էին գալիս զբոսաշրջիկներ ու բիզնեսմեններ զվարճանալու, գործարքներ կնքելու, հիանալու փյունիկյան ու հռոմեական քաղաքների ու բերդերի փլատակներով, հազվագյուտ հուշարձաններով, որոնցից ամենատպավորիչը հին Հելիոպոլիս (այժմ՝ Բաալբեկ) քաղաքի ավերակներն են։

Այո, դեռևս շատ վաղուց այս հարուստ երկիրը իր աշխույժ վաճառաշահ քաղաքներով ու բնական հարստություններով գրավել է առևտրականների ու նվաճողների ուշադրությունը։ Ովքեր ասես, որ չեն եղել այստեղ փյունիկեցիներն ու ասորեստանցիները, բաբելացիք ու պարսիկները։ Մեր թվականությունից առաջ 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին այստեղից է սկսել իր հայտնի արշավանքը դեպի Հնդկաստան։ Ավելի ուշ այստեղ եկան հռոմեացիները, արաբները, եվրոպական խաչակիրները, ապա՝ թուրքերը, իսկ առաջին համաշխարհային պատերազմից (1914—1918 թվականներ) հետո՝ ֆրանսիացիները։ Լիբանանը անկախություն ստացավ միայն 1943 թ.։

Այժմ նույնպես այդ փոքրիկ երկիրը հեծում է նորօրյա զավթիչների կրնկի տակ։ Միջամուխ լինելով դեռևս 1975 թ. Լիբանանում սկիզբ առած ներքին քաղաքացիական պատերազմին, Իսրայելը 1982 թ. օկուպացրեց Լիբանանի տարածքի զգալի մասը, ավերեց Բեյրութն ու այլ ծովափնյա քաղաքներ։ Իսկ քաղաքացիական պատերազմը ծագեց ԱՄՆ-ի իմպերիալիստների ու իսրայելական կառավարողների հրահրմամբ՝ այդ երկրի քրիստոնյաների ու մահմեդականների միջև, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրում էին կողք կողքի։