Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/186

Այս էջը հաստատված է

Լիբանանի հիմնական բնակչությունը արաբներն են։ Նրանցից բացի, այնտեղ ապրում են հայեր, քրդեր, հույներ, թուրքեր, պարսիկներ։ Ի տարբերություն արաբական մյուս երկրների, մահմեդականությունը Լիբանանում պետական կրոն չէ։ Բնակչության կեսը քրիստոնյաներ են։ Այդ հանգամանքը իր արտացոլումն է գտել նաև երկրի պետական կառուցվածքի մեջ. հանրապետության պրեզիդենտը (կամ պետության գլուխը) քրիստոնյա է, պրեմիեր մինիստրը (կամ կառավարության ղեկավարը)՝ մահմեդական։ Պետության օրենսդիր մարմնում (պառլամենտում) նույնպես տեղերը բաժանված են, համապատասխանաբար, կրոնական այդ երկու խմբավորումների միջև։

Դեռևս հնում հայ վաճառականները Լիբանան էին բերում գինի, մրգեր, որդան կարմիր ներկը և այլ ապրանքներ։ Արդեն 12—13-րդ դարերում այդ երկրի նավահանգստային քաղաքներում հիշվում են հայ համայնքներ, որոնք ստվարանում են այն ժամանակ Լիբանանի հարևանությամբ գտնվող Կիլիկիայի հայկական պետության անկումից (14-րդ դար) հետո։ Հայերի առավել մեծ հոսքը Լիբանան տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հետո, երբ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, փրկվելով թուրքական ջարդերից, ապաստան գտան այնտեղ։ 1946—1947 թվականներին հազարավոր լիբանանահայ ընտանիքներ ներգաղթեցին Սովետական Հայաստան։ Այժմ նույնպես Լիբանանի հայ գաղութը խոշորագույնն է Մերձավոր Արևելքում՝ 250 հզ․ հայ, որոնք ապրում են, հիմնականում, Բեյրութ, Տրիպոլի, Ջահլե քաղաքներում։ Նրանք ունեն հարյուրավոր մշակութային ու մարզական կազմակերպություններ, թերթեր, ամսագրեր, եկեղեցիներ։ Այստեղ գործում են 60-ից ավելի հայկական դպրոցներ։ Լիբանանի հայ համայնքը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի հետ։ Մեր հանրապետության բուհերում սովորելու են գալիս լիբանանահայ բազմաթիվ երիտասարդներ։ Ամեն տարի Սովետական Հայաստանի պիոներական ճամբարներում հանգստանում են լիբանանահայ շատ մանուկներ։

Լիխտենշտայն

- տես Գաճաճ պետություններ

Լիճ

Գետնի վրայով հոսում են գետեր ու առվակներ, գետնի տակից բխում են աղբյուրներ ու աղբյուրակներ, և երբ նրանց ջրերը կուտակվում են որևէ իջվածքում, լիճ է գոյանում։

Իսկ որքա՞ա տարբեր լճեր կան։ Երկրագնդի ամենախոր լիճը Սիբիրում գտնվող Բայկալ լիճն է։ Նրա միջին խորությունն ավելի քան 700 մ է, իսկ միջին լայնությունը հասնում է տասնյակ կիլոմետրերի։ Ափերը եզերող լեռներն, ասես, կախված են ջրի մակերևույթին փռված մշուշի վրա։ Ձգվում է լիճը հարյուրավոր կիլոմետրեր, և տեղացիներն այն ծով են անվանում։ Ջուրը վճիտ է ու թափանցիկ։ Հանդարտ ու արևոտ եղանակին երեսուն մետր խորքից երևում է լճի հատակը։ Հարյուրավոր գետեր ու գետակներ են թափվում Բայկալ, բայց սկիզբ է առնում միայն Անգարա գետը՝ Սիբիրի հզոր Ենիսեյ գետի խոշորագույն վտակներից մեկը։

Անապատներում ու չոր տափաստաններում սփռված են բազմաթիվ անհոսք լճեր, որոնք այդպես են անվանվում, որովհետև նրանցից գետեր սկիզբ չեն առնում։ Այդ լճերում կուտակվող ջուրն ի վերջո գոլորշիանում է, իսկ հատակին մնում է աղը։ Որոշ լճերի ջուրն այնքան աղի է, որ բույսերն ու կենդանիներն այնտեղ չեն կարողանում ապրել։ Այդ պատճառով Մերձավոր Արևելքում գտնվող այդպիսի աղի լճերից մեկն անվանել են Մեռյալ ծով։

Վիկտորիա լիճը գտնվում է հասարակածում, Աֆրիկայի գրեթե կենտրոնում։ Աշխարհում