Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/188

Այս էջը հաստատված է

Լճերի են նման նաև մարդու ստեղծած արհեստական ջրավազանները, ինչպես, ասենք, Երևանյան լիճը։ Արհեստական ջրավազաններ են նաև գետակները ամբարտակով պատնեշելիս ստեղծվող փոքրիկ լճերն ու ջրառատ գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների բարձր ամբարտակների առջև գոյացող վիթխարի ջրամբարները։ Անգարա գետի վրա կառուցված Բրատսկի ՀԷԿ-ի ամբարտակի առջև ստեղծված Բրատսկի ջրամբարը ամենամեծն է աշխարհում։ Հսկայական մակերես ունեն նաև Ենիսեյ գետի վրա կառուցված Կրասնոյարսկի, Վոլգա գետի վրա կառուցված Կույբիշևի, Իրտիշ գետի վրա կառուցված Բուխտարմայի ջրամբարները։ Շատ ջրամբարներ են ստեղծվել նաև մեր հանրապետությունում։ Դրանցից է, օրինակ, Կեչուտի ջրամբարը, որտեղից Արփայի ջրերը հոսում են դեպի Սևան (այդ մասին դուք կարող եք կարդալ «Արփա-Սևան» զրույցում)։ Ջրամբարները մարդու ձեռքով կերտված ծովեր են, որոնք ջուր են տալիս քաղաքներին ու դաշտերին, ստեղծում էլեկտրակայանների աշխատանքի համար անհրաժեշտ ջրի ճնշում։

Լիսինյան Լուսիկ Հարությունի

Պատանիներն ու աղջիկները խոնարհվել են ցուցափեղկին։ Ապակու տակ մոխրագույն բլուզ է, որի ձախ կողմում մի փոքրիկ անցք կա։ Ցարական յունկերների գնդակի հետքն է դա, որը մահացու խոցեց Լուսիկ Լիսինյանին։ Կարճ եղավ Լուսիկի կյանքը, բայց պայծառ է այն հիշողությունը, որ նա թողել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության պատմության էջերում։ Թիֆլիսեցի մանր վաճառականի չորս դուստրերից երրորդն էր Լուսիկը։ Նախնական կրթություն ստանալու համար ծընողները նրան սովորելու տվեցին «Ուսուցիչների ընկերության դպրոցը»։ Այս դպրոցի ուսուցիչների թվում կային այնպիսիները, որոնք իրենց հեղափոխական գործունեության համար Ռուսաստանից աքսորվել էին Թիֆլիս և գտնվում էին ոստիկանության հսկողության տակ։ Պատմություն դասավանդում էր ընդհատակյա հայտնի հեղափոխական գործիչ Ելենա Ստասովան։ Զրույցները, հետագայում նաև նամակագրությունը սիրելի ուսուցչուհու հետ, դպրոցում տիրող ազատախոհ մթնոլորտը խոհուն աղջկան մտածել էին տալիս աշխարհում տիրող անարդարության, դրա դեմ պայքարելու մասին։ Այս դպրոցն ավարտելուց հետո Լուսիկն ուսումը շարունակում է Թիֆլիսի Առաջին օրիորդաց գիմնազիայում, որտեղ մասնակցում է ուսանողական գաղտնի խմբակների, տպում ու տարածում թռուցիկներ։ Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը (1914—1918 թվականներ)։ Թիֆլիսում հայտնվեցին իրենց հազարամյա բնակավայրերից տեղահան արված հայ գաղթականների առաջին հյուծված խմբերը։ Միաժամանակ ռազմաճակատից ժամանում էին վիրավորներով ծանրաբեռնված գնացքները։ Եվ Լուսիկը որոշեց գթության քույր դառնալ։ Համապատասխան դասընթացներն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ զինվորական հիվանդանոցում։ Տեսնելով խեղանդամ դարձած զինվորների՝ երեկվա բանվորների ու գյուղացիների, տառապանքը, ականատես լինելով նրանց բողոքին ընդդեմ պատերազմի ու ցարի, Լուսիկն ավելի ու ավելի էր համոզվում, որ տիրող կարգերը մարդկանց միայն թշվառություն ու դժբախտություն են բերում։ Նա որոշում է մեկնել Մոսկվա և նվիրվել հեղափոխական պայքարին։ 1916 թ. Լուսիկն արդեն Մոսկվայում է։ Նա ընդունվում է առևտրական ինստիտուտ (այժմ՝ Պլեխանովի անվան ժողովըրդական տնտեսության ինստիտուտ),