Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/191

Այս էջը հաստատված է

դղյակների հին աշտարակները, ժամանակակից արդյունաբերական հզոր ձեռնարկություններն ու ստվերախիտ զբոսայգիները, վեհասքանչ Նյարիս գետը։ Քաղաքի կերպարանքում, ինչպես սաթի մի կաթիլում, արտացոլված է մերձբալթյան այս հանրապետության թե՛ անցյալը, թե՛ ներկան։

Լիցքային վարժություններ

Ամեն առավոտ, որոշակի ժամի, ռադիոյով հնչում է մարզական հրահանգչի զվարթ ձայնը.

-Բարի լույս, ընկերներ։ Սկսում ենք մարմնամարզության դասը...

Մեր հայրենիքի բոլոր ծայրերում հազարավոր տղաներ ու աղջիկներ, ինչպես նաև մեծահասակներ փռում են գորգերը, բացում օդանցքները կամ պատուհանները և սկսում առավոտյան մարզանքը։

«Երանի՜, մի կես ժամ էլ քնեի, հավանաբար, մտածում եք դուք,–առջևում դժվար գործեր շատ կան, արժե՞, արդյոք, ավելորդ ջանք թափել՝ կռանալ, ուղղվել, ձեռքերը տարածել, կքանստել...»։

Արժե՛։

Զուր չէ, որ առավոտյան մարմնամարզությունն անվանում են լիցքային վարժություններ։ Այդ տաս րոպեները մարդուն էներգիայով լիցքավորում են ամբողջ օրվա համար։ Գիշերը, քանի դեռ քնած ենք, մեր մարմինը հանգստանում է։ Մկանները թուլացած են, սիրտն ու թոքերը աշխատում են կես կարողությամբ։ Իսկ ինչպե՞ս կարելի է արագորեն արթնացնել ամբողջ օրգանիզմը։ Լիցքային վարժությունները հենց դրա համար են։ Այդ կարճատև մարմնամարզության շնորհիվ մեր արյունն ավելի աշխուժորեն է հոսում անոթներով, հոդերն ուղղվում են, մկանները լցվում ուժով, թոքերն էլ ավելի ուժգին են ներշնչում օդը։ Մարդն առույգանում է, բարձրանում է նրա տրամադրությունը, աճում շարժվելու և աշխատելու ցանկությունը։ Լիցքային վարժություններն անհրաժեշտ են ամեն մի կենդանի արարածի։ Դիտեցեք, թե ինչպես է արթնանում կատուն կամ շունը։ Նրանք նախ այնպես են ձգվում ամբողջ մարմնով, որ ոսկորները ճրթճրթում են, հետո ուղղում են սկզբում առջևի, ապա ետևի թաթերը, ճկում մեջքը։ Բնազդը կենդանուն հուշում է, թե ինչ պետք է անի արթնանալուց հետո։ Եվ ահա շունն էլ իր մարզանքն է անում (թեև ռադիո չի լսում)։ Լիցքային վարժությունները ձեզ ավելի են հարկավոր, որովհետև օրվա կեսը նըստած եք լինում նստարանին, քիչ եք շարժվում։ Դպրոցն էլ, սովորաբար, մոտիկ է լինում տանը։