Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/195

Այս էջը հաստատված է

բանաստեղծ, մյուսը՝ քիմիկոս։ Բայց բանաստեղծն էլ, քիմիկոսն էլ նույն մարդն էր Միխայիլ Լոմոնոսովը։ Նա նաև ֆիզիկոս էր ու նկարիչ, աստղագետ ու մետալուրգ, աշխարհագրագետ ու պատմաբան, լուսավորիչ ու պետական գործիչ։

Ֆիզիկական և քիմիական փորձերը, որ Լոմոնոսովը կատարում էր իր լաբորատորիայում, աչքի էին ընկնում մեծ ճշգրտությամբ։

Մի անգամ նա մի այսպիսի փորձ կատարեց. կշռեց կապարե թիթեղներ պարունակող հալափակված ապակե անոթը, շիկացրեց այն, ապա նորից կշռեց։ Թիթեղները պատվել էին օքսիդով, բայց անոթի ընդհանուր կշիռը դրանից չփոխվեց։ Այդպես հայտնագործեց նյութի զանգվածի պահպանման օրենքը բնության հիմնական օրենքներից մեկը։ Հենց միայն այդ հայտնագործությունը բավական էր, որ Լոմոնոսովը համարվեր մեծ գիտնական։

Աստղերն ու մոլորակները դիտելու համար Լոմոնոսովը պատրաստեց աստղադիտակ։ Սրա օգնությամբ նա հայտնագործեց, որ Վեներա մոլորակը, մեր Երկրի նման, շրջապատված է մթնոլորտով։ Ավելի քան հարյուր տարի հետո միայն աստղագետները կարողացան կրկնել այդ դիտումը։

Լոմոնոսովը ողջ կյանքում անդուլ պայքար էր մղում հետամնացության և տգիտության դեմ՝ հանուն գիտության հաղթանակի։ Նա պնդում էր, որ Տիեզերքն անսահման է, իսկ բնակեցված աշխարհներն այնտեղ՝ անթիվ, որ ինչպես մեր Երկիրը, այնպես էլ բնության մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անընդհատ փոփոխվում է ու զարգանում։ Աստղագիտության գործնական կիրառությամբ ոչ ոք այնքան մտահոգված չէր, որքան Լոմոնոսովը։ Նա իրավամբ համարվում էր իր ժամանակի խոշորագույն աստղագետներից մեկը։

Լոմոնոսովը գտնում էր, որ բոլոր մարմինները կազմված են մանրագույն շարժուն մասնիկներից՝ մոլեկուլներից և ատոմներից, որոնք շարժվում են ավելի արագ, երբ մարմինը տաքանում է, և համեմատաբար դանդաղ, երբ մարմինը սառչում է։

Մինչև Լոմոնոսովը Ռուսաստանում գրքերը գրվում էին, հիմնականում, եկեղեցասլավոներեն։ Լոմոնոսովն ուսումնասիրեց կենդանի խոսակցական լեզուն և գրեց ռուսաց լեզվի առաջին, հիրավի գիտական, քերականությունը։ Ռուսաց լեզվի գեղեցկությունն ու ուժը նա ցույց տվեց իր սեփական բանաստեղծություններով։

Պետերբուրգից ոչ հեռու Լոմոնոսովը կառուցեց մի ֆաբրիկա, ուր նրա բաղադրատոմսերով պատրաստում էին տարբեր գույների ու երանգների ապակի։ Ապակու զանազանագույն կտորներից նա ստեղծեց մի քանի գեղեցիկ խճանկարներ, որոնցից մեկն, օրինակ, պատկերում է Պոլտավայի նշանավոր ճակատամարտը, մյուսը՝ Պետրոս Առաջինին։

Միխայիլ Լոմոնոսովը շատ ջանք գործադրեց Ռուսաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Մոսկվայի համալսարանը, բացելու համար։ Մոսկվայի պետական համալսարանը, որ լավագույններից է աշխարհում, հպարտությամբ կրում է Մ. Վ. Լոմոնոսովի անունը։

Լոնդոն Ջեկ

1876— 1916 թ.

1897 թ․ Ամերիկայի հյուսիսում, Կլոնդայքում, ոսկի գտնվեց։ Ալյասկայի՝ ճերմակ լռության այդ ամայի ու սառնաշունչ երկրի, լայնարձակ տարածությունները հանկարծ հարուստ ու շռայլ մի վայր թվացին հազարավոր չքավորների և նրանց, ում անվանում են ի ծնե ռոմանտիկներ։

Դրանց մեջ էր նաև ամերիկացի Ջեկ Լոնդոնը, որն այն ժամանակ դեռևս սկսնակ գրող էր։

Մինչև ոսկեխույզ դառնալը Լոնդոնը բազմաթիվ արհեստներ էր փորձել՝ եղել էր լրագրավաճառ, պահածոների գործարանի բանվոր, առագաստանավի նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան։ Կարիքը խանգարեց նրան շարունակելու ուսումը։ Կյանքն ինքը դարձավ