Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/196

Այս էջը հաստատված է

նրա համալսարանը, և նա այրվում էր կյանքի մասին աշխարհին պատմելու ցանկությամբ։

Ալյասկայում Լոնդոնը չհարստացավ, բայց անգնահատելի նյութ հավաքեց իր պատմվածքների համար, որոնք ամերիկացիներին ծանոթացնում էին Հյուսիսի հետ։ Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, քառասուն աստիճանի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վեճեր, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լեցուն կյանք, -ահա այսպիսի պայմաններում էին ապրում ու պայքարում հյուսիսային պատմվածքների հերոսները` սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկները հնդկացիները։ Հյուսիսային պատմվածքների գլխավոր թեման ոչ թե պայքարն է ոսկու համար, այլ պայքարը հանուն մարդու։ Այդ թեման հերոսական թեմա է։ Մարդու և բնության հակամարտության մասին է Լոնդոնի ամենահայտնի պատմվածքներից մեկը՝ «Կյանքի սերը»։ Գրողը մանրամասն նկարագրում է հերոսի անցած ողջ ճանապարհը Ալյասկայից մինչև Հուդզոնի ծոց, «ուր աճում են բարձր ու հսկա ծառեր և ուտելիք էլ կա, որքան կամենաս»։ Բայց այդտեղ հասնելու համար մարդը պետք է կտրի անցնի սառցե անապատը, ուր չկա ոչ մի ծառ ու թուփ, ոչինչ, բացի անհուն երկնքի տակ փռված գորշ մամուռի ծովից ու գլաքարերից։ Ցավում է ոտքը, մաշվել են հագուստները, կորել են հրացանը, գլխարկն ու աստառի տակ թաքցրած լուցկին։ Թվում է, մահն անխուսափելի է:՛ Բայց մարդը չի հանձնվում մահին, նա ողջ է մնում և հասնում ու գտնում է մարդկանց: Բնության դեմ մենամարտում հաղթում է մարդը։ Պատահական չէ, որ այս պատմվածքը, ինչպես վկայում է Ն. Կ. Կրուպսկայան, սիրել է Վ. Ի. Լենինը։ «Կյանքի սերը» պատմվածքը ոչ միայն արիության և տոկունության մասին է, այլև դավաճանության զազրելիության, որովհետև հերոսի տանջալից ուղին սկսվեց այն բանից հետո, երբ նրան լքեց ընկերը։ Հյուսիսային պատմվածքների հետ է կապված նաև Լոնդոնի «Սպիտակ ժանիք» վիպակը։ Այստեղ ևս նույն հյուսիսային երկինքն է, անծայր ճանապարհները, գայլերի ոհմակները, մերձափնյա ավանների առօրյան։ Բայց այս անգամ վիպակի գլխավոր հերոսը Սպիտակ ժանիք անունով շունն է։ Ջեկ Լոնդոնը Սպիտակ ժանիքի պատմությունը նկարագրել է այնպես խորը թափանցելով նրա «հոգեբանության» մեջ, որ հասկանալի են դառնում կենդանու բոլոր արարքները, վարվելակերպի բոլոր շարժառիթները և ամեն մի կենդանի էակի վրա ներգործող փաղաքշանքի ուժը։ Սպիտակ ժանիքը սովորեց սերը փոխհատուցել սիրով, իսկ երբ անհրաժեշտ էր՝ նաև կյանքով։ Լոնդոնի երկերում բնության օրենքները դաժան են, բայց և արդարացի։ Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, դառնում հարուստ ու ագահ և ձգտում անհավասարության։ Այդ մասին են պատմում և՜ հյուսիսային պատմվածքներն ու «Սպիտակ ժանիք» վիպակը, և՜ «Երկաթե կրունկ» ու «Մարտին Իդեն» վեպերը։ Այս բոլոր ստեղծագործություններում Լոնդոնը պատմում է շահի անհագ տենչի կորստաբերության մասին, այն մասին, որ իր ժամանակի բուրժուական հասարակարգը գնահատում էր միայն փողը։ Մարդը, նրա խելքն ու տաղանդն այդ հասարակարգում ոչինչ արժեն։ Այնտեղ իշխում են գազանային օրենքները, ըստ որոնց մարդիկ բաժանվում են «ուտողների և ուտվողների»։ Ջեկ Լոնդոնը ՄՍՀՄ-ում ամենասիրելի ամերիկյան գրողներից է։ Նրան կարդում են թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները, և ամեն տարիք իր Ջեկ Լոնդոնն ունի։ Բայց ողջ կյանքում հիշվում են դեռևս մանկության տարիներին ընթերցված նրա հյուսիսային պատմվածքներն ու «Սպիտակ ժանիքը»։

Ջեկ Լոնդոնի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն։