Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/198

Այս էջը հաստատված է

բայց այս դեպքում արդեն տաքանալը պարտադիր չէ։ Առանց լույսի Երկրի վրա կյանք չէր լինի։ Լույսը մեզ ջերմություն է պարգևում, և այդ է պատճառը միայն, որ մեր մոլորակը չի վերածվում պաղ սառցակտորի։ Լույսի շնորհիվ է, որ ապրում են բույսերը. նրանց տերևները թթվածին են անջատում և օդը պիտանի դարձնում կենդանի էակների շնչառության համար։

Լուսան

Լուսանը ընտանի կատվի ցեղակիցն է, թեև նրան քիչ է նման։ Եվ բանը միայն այն չէ, որ լուսանն անհամեմատ ավելի խոշոր է, երբեմն մեկուկես մետր երկարությամբ։ Կատվի մարմինը ձգված է, ոտքերն էլ կարճ են։ Մինչդեռ լուսանի մարմինը, ընդհակառակը, կարճ է, իսկ ոտքերը երկար են և ուղիղ։ Լուսանի ականջները վերջանում են երկար, վրձնաձև մազափնջերով, իսկ այտերին թավ այտամորուսներ կան։ Գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են, իսկ լուսանինը կարճ է, ասես, հատած լինի։ Կատվի մատները հատ-հատ են, լուսանինը միացած մի ընդհանուր թաղանթով։ Կատվի շարժումները փափուկ են, շողոքորթ, լուսանինը՝ հաստատուն, և ոտքերն էլ դնում է ուղիղ, ինչպես շունը։ Կատուները չեն կարող երկար ու արագ վազել, թերևս միայն շնից փրկվելու համար վազեն մինչև մոտակա ծառը կամ ցանկապատը, մինչդեռ լուսանը, իր թաղանթավոր թաթերի շնորհիվ, կարող է արագ վազել նույնիսկ փխրուն ձյան վրայով։ Այնուհանդերձ, լուսանը կատու է։ Նա հրաշալի ծառ է մագլցում, տեսնում մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա հիանալի լսողություն ունի և թույլ հոտառություն։ Լուսանը կարող է անաղմուկ, գաղտագողի մոտենալ և ժամերով համբերությամբ դարան մտնել։ Նրա ավարն են դառնում ցախաքլորները, աքարներն ու եղնիկները։ Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ։ Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։ Լուսանի ձագուկները շատ նման են փիսիկների, բայց երկու-երեք շաբաթական, դեռևս կաթնակեր լուսաններն արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ Երկու ամսական հասակում նրանք մոր հետ լքում են որջը, որ լուսանները սովորաբար սարքում են անփութորեն, ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք սկսում։

Լուսանկարչական ապարատ

Հազիվ թե գտնվի մի տուն, ուր լուսանկարչական ապարատ չլինի։ Մեր կյանքում լուսանկարները վաղուց են սովորական ու անհրաժեշտ դարձել։ Նրանք օգնում են դրոշմելու որևէ իրադարձություն կամ երևույթ, հիշելու անցյալը։ Լուսանկարները խիստ անհրաժեշտ են ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց՝ գիտնականներին, ինժեներներին, քարտեզագիրներին... Կերպարվեստի հատուկ տեսակ է գեղարվեստական լուսանկարչությունը։ Իսկ ինչպե՞ս են պատկերն ստանում լուսանկարչական ժապավենի վրա։ Լուսանկարչական ապարատի մեջ զետեղում են ժապավենով մի կասետ։ Ապարատի ետևում կամ վերին մասում կա հատուկ պատուհան՝ տեսարան որոնող հարմարանք, որտեղից երևում է լուսանկարահանվող օբյեկտը։ Մի լավ «նշան բռնեք» և սահուն սեղմեք ձգանի կոճակը։