Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/199

Այս էջը հաստատված է

Չը՜րխկ, և ահա բացվեց լույսի ճանապարհն արգելակող փակաղակը։ Լույսի ճառագայթներն անցնում են օբյեկտիվի՝ լուսանկարչական ապարատի ապակե «աչքի» միջով և լուսազգայուն ժապավենի վրա «նկարում» լուսանկարչական ապարատի դիմաց գտնվող ամբողջ տեսարանի ճշգրիտ պատկերը։ Հետո ժապավենը մշակում են՝ հայտածում։

Հայտածման ժամանակ ժապավենի վրա հայտնվում է պատկերը։ Նայած օգտագործված ժապավենի տեսակին՝ պատկերը կարող է լինել սև-սպիտակ կամ գունավոր։ Ժապավենը նույնպես կարելի է տարբեր ձևով մշակել։ Որոշ տեսակի ժապավենների վրա ստացվում է նեգատիվը, այսինքն՝ պատկերի վրա բոլոր լուսավոր մասերը մուգ են ստացվում, իսկ մուգ մասերը՝ լուսավոր։ Ճերմակ ամպերը, ձյունը, ատամները, աչքերի սպիտակուցները նեգատիվում ածխի պես սև են, իսկ սև մազերը, կոշիկները, գետինը՝ սպիտակ։ Այդպիսի անսովոր պատկերն անհրաժեշտ է նրանից լուսանկարներ տպելու համար։ Լուսանկարներում սպիտակը նորից սպիտակ է դառնում, սևը՝ սև։ Իսկ ուրիշ տեսակի ժապավենների վրա և ավելի բարդ մշակման դեպքում պատկերը միանգամից ճիշտ է ստացվում։ Այդպիսի ժապավենը, որ կոչվում է դիապոզիտիվ կամ սլայդ, կարելի է ցուցադրել էկրանին։ Սլայդներն ամենից հաճախ գունավոր են լինում։

Լուսատտիկ (Կայծոռիկ)

Ամռան մութ գիշերին խոտերի կամ թփերի մեջ նկատե՞լ եք, արդյոք, կանաչավուն լույսով վառվող փոքրիկ-փոքրիկ մի լապտերիկ, որ կարող է վառվել երկար ու հավասարաչափ պայծառ, երբեմն մի քանի գիշեր անընդհատ միևնույն տեղում։ Նրա լույսով մթության մեջ կարելի է զանազանել, անգամ, ժամացույցի թվանշանները։

Իսկ ո՞վ է վառում այդ խորհրդավոր լապտերիկը։ Դա լուսատտիկն է, կայծոռիկը, որը շատ օգտակար ու փոքրիկ մի բզեզ է։ Նա մտնում է խխունջների խեցիների մեջ և ոչնչացնում այդ վնասատուներին։ Լուսատտիկի մարմնում կան այնպիսի նյութ պարունակող հատուկ բջիջներ, որը, միանալով թթվածնին, լույս է արձակում։ Այդ բջիջներին միացած են բազմաթիվ մանր խողովակներ, և երբ լուսատտիկը փակում է դրանք, բջիջները լույս չեն արձակում։ Բայց երբ խողովակները բաց են, նրանց միջով օդ է անցնում, և «լապտերիկը» վառվում է։ Արու կայծոռիկները թևավոր են, նրանց «լապտերիկները» վառվում են հազվադեպ ու կարճատև։ Հիմնականում անթև էգերի կրակները վառվում են երկա՜ր-երկար և լուսավորում ամառային գիշերվա խավարը։

Աշխարհում լուսարձակող բզեզների շատ տեսակներ կան։ Արևադարձային երկրներում նրանք խոշոր են, պարսերով թռչում են ծառերի մեջ, պայծառ «բոցավառվում» տերևներին, վեր ու վար ճախրում՝ փայլկտալով իրենց կախարդական լապտերիկներով։

Լուսին

Լուսինը Երկրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Այն Երկրի բնական արբանյակն է և մշտապես պտտվում է նրա շուրջը։ Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է 356-ից մինչև 406 հզ. կմ-ի սահմաններում, որովհետև Լուսինը Երկրի շուրջը պտտվում է ձգված շրջանագծով` էլիպսով։ Լուսինն անհամեմատ ավելի փոքր է երկրագնդից. տրամագծով գրեթե 4, ծավալով՝ 49 անգամ։ Երկրագնդի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գունդ, որոնցից ամեն մեկը կկշռեր նույնքան, որքան Լուսինը։ Երկրից անզեն աչքով դիտողը Լուսնի վրա միշտ զանազանում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն ուղըղված է շարունակ նույն կողմով։ Դրա պատճառն այն է, որ լուսնային օրը, այսինքն՝ իր առանցքի շուրջը Լուսնի պտտվելու ժամանակամիջոցը, հավասար է Երկրի շուրջը նրա պտտվելու ժամանակամիջոցին՝