կայանով։ «Լուսնագնաց-1 »–ը «Մոսկվիչ» ավտոմոբիլի մեծության էր, ութ անվով, որոնցից ամեն մեկն իր շարժիչն ուներ։ Անիվների նման կառուցվածքի շնորհիվ լուսնագնացը կարող էր շարժվել առաջ, ետ, պտտվել և՜ տեղում, և՛ ցանկացած ուղղությամբ շարժվելիս։ Լուսնագնացի ետնամասում տեղադրված իններորդ անիվը նշում էր շարժման արագությունն ու անցած ճանապարհը։ Լուսնագնացի «աչքերը» հեռուստատեսային խցիկներն էին, որոնք Երկիր էին հաղորդում Լուսնի մակերևույթի պատկերները։ Ռադիոանտենաները կապ էին պահպանում լուսնագնացի և Երկրի միջև։
Լուսնի վրա ջերմաստիճանի տատանումները չափազանց մեծ են. ցերեկը` 130 աստիճանի տաքություն, գիշերը՝ 170 աստիճանի սառնամանիք։ Որպեսզի ապարատուրան չսառչեր, լուսնագնացը պետք է պահպաներ իր ջերմությունը։ Նա գիշերելու հարմար տեղ էր ընտրում, ծածկում էր կափարիչն ու միացնում ջեռուցումը։ Արեգակի առաջին շողերի հետ լուսնագնացը բարձրացնում էր արևային մարտկոցներով կափարիչը, Արեգակն էներգիայով լիցքավորում էր կուտակիչները, և լուսնագնացը ճանապարհ էր ընկնում։ Լուսնագնացի անձնակազմը հրամանատարը, բորտմեխանիկը, ինժեները, ղեկապետը (շտուրմանը), վարորդը, ռադիստը, կառավարում էր Երկրից՝ տիեզերական հեռավոր կապի կենտրոնից։ «Լուսնագնաց-1»-ը Լուսնի վրա աշխատեց տաս ու կես ամիս։ Այդ ընթացքում նա կտրեց անցավ ավելի քան 10 կմ ճանապարհ՝ հետազոտելով Լուսնի մակերևույթի մի մեծ հատված։ Լուսնագնացը բնահողի նմուշներ էր վերցնում և ուսումնասիրում նրա քիմիական բաղադրությունը։
«Լուսնագնաց-2»-ը, որը հանդերձված էր ավելի մեծաթիվ գիտական սարքերով, Լուսին հասցվեց 1973 թ. հունվարին։ Նա կարողանում էր ավելի ազատ տեղաշարժվել Լուսնի մակերևույթի վրայով։ Այս լուսնագնացի աչքերը՝ հեռուստախցիկները, ավելի բարձր էին տեղադրված, և նա ավելի հեռուն էր տեսնում։ Չորս ու կես ամիս տևած աշխատանքի ընթացքում «Լուսնագնաց-2»-ն անցավ 37 կմ ճանապարհ, Երկիր հաղորդեց Լուսնի մակերևույթի 80 հզ. լուսանկար և գիտության համար կարևոր ուրիշ շատ տեղեկություններ։ Ամերիկյան տիեզերագնացները Լուսնի վրա տեղաշարժվում էին էլեկտրական քառանիվ «լուսնային» ավտոմոբիլով, բազկաթոռներին նստած, և ավտոմոբիլը կառավարում էին ձեռքով։
Լուսնագնացների շնորհիվ գիտնականները բազմաթիվ կարևոր տեղեկություններ ստացան Երկրի արբանյակի մասին։