Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/209

Այս էջը հաստատված է

Խանջյանը դարձավ Երևանի կուսակցական կոմիտեի քարտուղար:

1921 թ Ալ. Մյասնիկյանը, որն այն ժամանակ Հայաստանի նորաստեղծ սովետական կառավարության ղեկավարն էր, Խանջյանին գործուղեց Մոսկվա՝ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում սովորելու:

1922 թվականից Խանջյանը կուսակցական ղեկավար աշխատանք էր տանում Լենինգրադում, հետո գործեց ականավոր լենինյան Ս. Կիրովի հետ և արժանացավ նրա դրվատանքին:

1928 թ. Խանջյանը վերադարձավ Երևան և ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի երկրորդ քարտուղար: Նա զբաղվում էր գաղափարական՝ գրականության, արվեստի, մամուլի, գիտության հարցերով, ամեն կերպ նպաստում դրանց առաջընթացին: Կարող էր զրույցի բռնվել և՛ հասարակ մարդու, և՜ մասնագետի հետ։ Երբ Լենինգրադից Երևան եկավ ակադեմիկոս Ի. Պավլովի երիտասարդ սան, կենսաբան Էզրաս Հասրաթյանը և այցելեց Խանջյանին, նրան զարմանք ու հիացմունք պատճառեցին Խանջյանի գիտելիքները կենսաբանությունից:

1930 թվականից Աղասի Խանջյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարն էր: Նրա անմիջական ղեկավարությամբ էր, որ մեր հանրապետությունը առաջին երկու հնգամյակներում կերպարանափոխվեց, ագրարային երկրից դարձավ արդյունաբերական:

Հինավուրց Հայաստան երկիրը ծածկվում էր գործարանային ծխնելույզներով։ Իր մեծ վաստակի համար 1935 թ Խանջյանը պարգևատրվեց Լենինի շքանշանով:

Հմայիչ անձնավորություն էր Աղասի Խանջյանը, պարզ, անմիջական ու մատչելի: Նա այցելում էր հանրապետության տնտեսությունները, գործարանները, կառույցները, ամենուր նվաճելով մարդկանց սերն ու հարգանքը: Աշխատում էր շատ և միշտ ոգևորիչ տրամադրությամբ: Նա մեծ ջանքեր թափեց սփյուռքահայությանը մայր հայրենիքի հետ կապելու համար, դարձավ սովետական կառավարության հայրենադարձության քաղաքականության ակտիվ իրականացնողներից մեկը: Աճում ու բարգավաճում էր Սովետական Հայաստանը` իր գիրկն առնելով հայրենադարձ զավակներին:

Բուռն էր Աղասի Խանջյանի բազմերանգ գործունեությունը, երբ 36 տարին դեռ չբոլորած՝ կտրվեց նրա կյանքի թելը:

Խաչատրյան Արամ Եղիայի

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դահլիճում դանդաղ մարում են լույսերը։ Շեփորների զրնգուն մարտակոչի ուղեկցությամբ բացվում է վարագույրը։ Բեմում ծավալվող գործողությունները ներկայացնում են մեր թվականությունից առաջ 1-ին դարում տեղի ունեցած ստրուկների ապստամբությունը՝ Սպարտակի գլխավորությամբ։ Երաժշտությունը մերթ դառնում է խրոխտ ու հաղթական, մերթ՝ տագնապալի։ Մեղեդիներն ազնիվ են ու հուզիչ, կրակոտ ու շեշտված են ռիթմերը և ճոխ՝ բազմաձայնությունը։ Արամ Խաչատրյանի երաժշտությունն է դա, իսկ բեմադրվող ներկայացումը՝ նրա «Սպարտակ» բալետը, որը սովետական և ոչ միայն սովետական բալետային ակնառու ստեղծագործություններից է։ Այս բալետի համար 1959 թ. հեղինակին շնորհվել է լենինյան մրցանակ։ Հայ մեծատաղանդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել է Թիֆլիսում (Թբիլիսիում), կազմարարի ընտանիքում։ Նրա մայրը գեղեցիկ ձայն ուներ և տանը հաճախ էր երգում։ Աղքատ ընտանիքում չնչին գումարով ձեռք բերված հնամաշ դաշնամուրն օգնեց, որ բացահայտվեն փոքրիկ Արամի երաժշտական ընդունակությունները: