Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/211

Այս էջը հաստատված է

«Վլադիմիր Իլյիչ Լենին», «Ստալինգրադյան ճակատամարտ» (այս վերջինի երաժշտության համար կոմպոզիտորին շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ) կինոնկարների և «Վալենսիայի այրին», «Դիմակահանդես» դրամատիկական ներկայացումների համար գրված նրա երաժշտությունը։ «Դիմակահանդեսի» երաժշտության հիման վրա կոմպոզիտորի մահից հետո արդեն ստեղծվեց համանուն բալետը։ Մեծանուն կոմպոզիտորը բազմաթիվ երկեր է գրել նաև մանուկների համար։ Նա հայկական ՍՍՀ պետական հիմնի երաժշտության հեղինակն է։

Արամ Խաչատրյանը նաև դիրիժոր էր։ Հեղինակային համերգներով նա հանդես է եկել ՍՍՀՄ տարբեր քաղաքներում և արտասահմանյան ավելի քան 30 երկրներում։ Նա նաև մանկավարժ էր, դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում։ Մեծահռչակ կոմպոզիտորը ջերմորեն կապված էր իր հարազատ ժողովրդի հետ։ Նա բազմիցս այցելել է Սովետական Հայաստան, հեղինակային համերգներով հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում, որն այսօր նրա անունն է կրում։

Ի գնահատումն սովետական երաժշտական մշակույթին մատուցած ծառայություների, Արամ Խաչատրյանն արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի, ՍՍՀՄ, Հայկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ, Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական արտիստի կոչումների։ Նա պարգևատրվել է Լենինի երեք, Աշխատանքային կարմիր դրոշի երկու, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրների բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, այդ թվում՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի սահմանած Ժ. Կյուրիի մեդալով, ֆրանսիական «Արվեստի և գրականության» 3-րդ աստիճանի շքանշանով։

Մեր ժամանակների խոշորագույն կոմպոզիտորներից մեկի` Արամ Խաչատրյանի, աճյունը հանգչում է Երևանի Կոմիտասի այգու պանթեոնում, հայ ժողովրդի ուրիշ մեծանուն զավակների կողքին։ 1984 թ. Երևանում բացվեց նրա տուն-թանգարանը. ճարտարապետական ինքնատիպ այս կառույցի ընդարձակ սրահներում դուք կգտնեք մեծ կոմպոզիտորի կյանքի ու գործունեության մասին պատմող բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ։

Խաչքար

Զրույցն ասում է, որ Հայկ նահապետը մահից առաջ իր հետնորդներին պատգամ թողեց գեղազարդել Հայաստանով մեկ սփռված կոշտ ու կոպիտ քարերը։ Եվ հայերն սկսեցին հղկել քարերն ու դրանցով կերտել հրաշալի տաճարներ, պալատներ, ամրոցներ, եկեղեցիներ։ Բայց Հայաստան ամեն տեսակ ասպատակող էր մտնում։ Եկողը կողոպտում էր երկիրը, կործանում հրաշակերտ կառույցները։ Հայերը ելքը գտան, սկսեցին հիմա էլ հղկել ու գեղազարդել նաև մեծ սալաքարեր։ Քարից հուշակոթող էին կերտում ու թողնում բաց երկնքի տակ։ Թշնամին շվարեց, այս գեղազարդված սալաքարի ի՞նչը կործանես ու կողոպտես։

Այսպես հայ ժողովուրդը, մեծ կառույցների կողքին, արարելու իր քանքարը մարմնավորեց նաև ճարտարապետական փոքր ձևերի մեջ: Խաչքարը կոթող-հուշարձան է, հայ միջնադարյան արվեստի ինքնատիպ դրսևորումներից