Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/215

Այս էջը հաստատված է

են մամուռ, մանր ճյուղեր ու փետուրներ։ Հավերի նման երեք շաբաթ թուխս են նստում։ Ձվից նոր դուրս եկած, հազիվ չորացած ճուտիկները պտույտի են ելնում մոր հետ, որը նրանց սովորեցնում է կեր հայթայթել, վտանգի պահին թաքնվել խոտերի մեջ։ Շատ շուտով ճուտիկներն սկսում են ինքնուրույն սնվել ճանճերով, մրջյուններով ու հատապտուղներով։

Ամռանը նրանց սիրելի կերը գետնամորին է ու ազնվամորին, աշնանը՝ հապալասը, մռամոշը, թթուհատը, լոռամրգին, խոտի սերմերը։ Ձմռանը սնվում են ծառերի բողբոջներով, սոճու, մայրու, գիհու փշերով, մայրու սերմերով։ Ամռան տաք օրերին, զեռուններից մաքրվելու համար, սիրում են «լողանալ» ավազի մեջ։ Այս բոլոր թռչունները պարարտ են, կարճ ու լայն թևերով։ Քառամսյա ոտքերն ուժեղ են, հարմարված արագ վազքին, կտուցը կարճ է, հաստ, փոքր-ինչ կեռ։ Վատ չեն թռչում, բայց հաճախ գերադասում են թշնամուց փրկվել վազքով։

Արտաքուստ նրանք իրար նման չեն։ Խլահավը խոշոր թռչուն է, հասուն արուների քաշը 5—6 կգ է։ Խլահավը Սովետական Միության անտառներում տարածված հավազգի թռչուններից ամենախոշորն է։

Արու խլահավը շատ գեղեցիկ է։ Նրա պարանոցն ու գլուխը մուգ մոխրագույն են, սև խալերով, քուջը սև է, կանաչափայլ երանգով, կուրծքն ու վզիկը թխաթույր են, մուգ փորիկի վրա կան սպիտակ պուտեր։ Կտուցը դեղնավարդագույն է։ Գարնանն աչքերից վեր աճում են կարմիր փետրահոնքեր։ Կտուցի տակի փետուրներն ավելի երկար են և մորուք են հիշեցում:

Էգ խլահավը բաց շագանակագույն է, ժանգագույն ու սպիտակ խալերով։ Երբ նստում է ճյուղերի ու չոր տերևների մեջ հյուսված բնում, նրան դժվար թե նկատես։ Գարնանը, երբ արու խլահավն իր երգն է երգում, ոչինչ չի լսում։ Դրա համար էլ նրան խլահավ են անվանել։

Ցախաքլորն ավելի փոքր է, քան խլահավը։ Արուն ձյութի նման սև է, հազիվ նշմարելի կապտավուն երանգով, աչքերից վեր կարմիր հոնքերն են, կտուցը սև է, թևատակերը՝ սպիտակ։ Էգը շիկակարմրավուն է, խայտաբղետ, սևագորշ շերտերով։

Աքարն ընտանի աղավնուց մի քիչ է մեծ։ Սա խայտաբղետ թռչուն է։ Մոխրագույն ֆոնի վրա սփռված են սև, գորշ, շիկակարմիր ու սպիտակ պուտեր և բծեր։ Պոչը կարճ է՝ կլորավուն ծայրով։ Գագաթին շարժուն փուփուլ ունի։ Էգն ամբողջովին մոխրախայտաճամուկ է։ Աքարները ողջ ձմեռն ապրում են զույգերով։ Իսկ երբ էգը գարնանը թուխս է նստում, արուն եռանդագին պաշտպանում է նրա հանգիստը։

Սովետական Միության տարածքում խլահավն ապրում է արևմտյան սահմանից մինչև Լենա գետը տարածված, Ալթայում և Սայաններում գտնվող անտառներում։ Ենիսեյից մինչև Կամչատկա բնադրում է մեկ այլ՝ քարի խլահավը։ Ցախաքլորն ապրում է թե՛ անտառում և թե՛ անտառատափաստանում։ Մեր հանրապետությունում տարածված է կովկասյան ցախաքլորը։ Աքարին կարելի է հանդիպել Ռուսաստանի գրեթե բոլոր անտառներում, բացառությամբ Կամչատկայի։ Մեր հանրապետությունում խլահավեր ու աքարներ չեն բնակվում։