ասաց. «Թող գան լավ օրեր, թող արև ծագի հայ ազգի վրա, լացը, ... աղքատությունը վերանան հայ ժողովրդի միջից...»։ Ի դեպ, ասենք, որ դեռ 1918 թ. մի խումբ հայ գրողներ ու մանկավարժներ «կնքեցին» Խնկոյանի նոր ու մտերմիկ անունը՝ Խնկո Ապեր։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո Խնկո Ապերը տեղափոխվեց Երևան։ Նա սրտանց ողջունեց Սովետական Հայաստանի նոր առավոտը, ամբողջ ձայնով երգեց հոկտեմբերիկների, գարնան պես հուրհրան պիոներների երթը... 1932 թ. նրան շնորհվեցին ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչի և ՀՍՍՀ վաստակավոր մանկական գրողի կոչումներ։ Խնկո Ապերն այն գրողներից է, որ ձեզ հետ է ամեն օր՝ որպես լավագույն բարեկամ ու խորհրդատու։ Խորհրդանշական է, որ անվանի առակագրի անունն է կրում մանկական հանրապետական գրադարանը Երևանում, որն, անշուշտ, ձեր սիրելի վայրերից մեկն է։
Խոզ
Այս կենդանուն մարդն ընտելացրել է շուրջ 10 հզ. տարի առաջ։ Նախնադարյան որսորդին վայրի խոզեր՝ վարազներ, հանդիպում էին ամենուրեք՝ բևեռային շրջանից մինչև հասարակած։ Նա վարազներ որսում էր ջրեզերքի եղեգնուտներում, գետահովիտների անտառային թավուտներում։ Վարազները «նստակյաց» կյանք էին վարում։ Ցերեկները թաքնվում էին խուլ վայրերում, իսկ գիշերները՝ սնվում, հավաքում ուտում էին խոզակաղին ու ընկույզ, խնձոր ու տանձ, փորում հանում էին եղեգի արմտիք, որսում խխունջներ, որդեր, փոքրիկ գազաններ, մողեսներ, նույնիսկ օձեր, ավերում գետնի վրայի թռչնաբները։ Այդ ամենակեր կենդանիներին տնային պայմաններում կերակրելն այնքան էլ դժվար չէր։ Որսորդների բռնած շերտավոր ձագերը հեշտությամբ հարմարվում էին գերության պայմաններին, աճում էին շատ արագ, համեղ էլ միս ունեին։ Խոզը դարձավ հիմնական և ամենատարածված ընտանի կենդանիներից մեկը։ Երկար տարիների ընթացքում, ենթարկվելով մարդու ազդեցությանը, այդ կենդանին խիստ փոխվել է, և ոչ միայն արտաքուստ։ Քնում է գիշերը, սնվում՝ ցերեկը, երկու-երեք անգամ ավելի շատ խոճկորներ է ունենում, քան վարազը, և իր վայրի ցեղակցի կողքին հսկա է թվում։ Այժմ արդեն զարմանք չեն հարուցում կես տոննա քաշ ունեցող ընտանի ցեղական խոզերը։
Խոզը շատ արժեքավոր կենդանի է։ Ցեղական խոզը ծնում և սնում է 10-12, իսկ ռեկորդակիրները՝ 28-32 խոճկոր։ Բացի դրանից, տարվա մեջ խոզը ծնում է, սովորաբար, երկու անգամ։ Մատղաշները շատ արագ աճում են ու գիրանում։ Խոզերը վատ են տեսնում, բայց փոխարենը զարգացած են նրանց լսողությունն ու հոտառությունը։ Լավ խնամելու դեպքում նրանք մաքրակյաց են դառնում և հաճուքով ճողփում են ջրում։