Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/218

Այս էջը հաստատված է

Հայաստանում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Շատ հին բնակատեղիներում հայտնաբերված խոզի ոսկորները վկայում են, որ հայկական բարձրավանդակում խոզն ընտելացվել է դեռևս մեր թվականությունից շատ ու շատ առաջ։ Այժմ մեր հանրապետությունն ունի զարգացած խոզաբուծություն։

Խոսրովի անտառ

Սովետական Հայաստանի տարածքում ամենահին բուսաբանական թանգարանը խոսրովի անտառն է, որ փռված է Արաքսի ձախ վտակ Ազատ (Գառնի) գետի ափերին։ Այն հիմնել է հայոց խոսրով Բ Կոտակ թագավորը մոտ 330 թ.։ Այդ մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նույն դարի մի ուրիշ հայ պատմիչ` Փավստոս Բուզանդը, ավելի մանրամասն է նկարագրել այդ նշանավոր արհեստական անտառի ընդարձակությունն ու դիրքը։ Թագավորն սկզբում կողք կողքի տնկել է տվել երկու անտառ։ Մեկը կոչվել է Տաճար մայրի, որն սկիզբ էր առնում Գառնի ամրոցի մոտից, հասնում Դվին, մինչև Տիկնունի կոչվող պալատը։ Մյուս անտառը, որ ձգվում էր նախորդից հարավ, Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև ընկած եղեգնուտի եզերքով, անվանվել է Խոսրովակերտ։ Երկու անտառներն էլ պարսպապատել են առանձին-առանձին։

Հիմա դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են անտառներից մեկն անվանել Տաճար մայրի։ Հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն, Տաճար մայրի նշանակում է սրբավայր-ծառաստան կամ սրբազան անտառ։ Երկու անտառներում էլ ամենից շատ տնկվել են կաղնի ու մայրի։ Բայց թագավորը չի բավարարվել միայն ծառեր տնկելով։ Նրա հրամանով որսի ամեն տեսակ կենդանիներ ու թռչուններ են հավաքել ու բաց թողել այդ անտառներում, և դրանք դարձել են արքայի ու արքունականների որսավարճության և զինավարժության վայրեր։ Այդ անտառներում եղել են կչկչաձայն հայկական սև կաքավներ, եղեգնաբնակ և աղավնանման աքարներ, որոնք համեղ միս ունեին և հետագայում համարյա վերացան՝ անխնա որսի պատճառով։ Ժամանակի ընթացքում այդ երկու անտառները, որ հնում ավելի մեծ տարածություն էին զբաղեցնում, միացան, և միացյալ անտառը կոչվեց Խոսրովի անտառ։ Օտար նվաճողներն իրենց ասպատակությունների ժամանակ ոտքի կոխան դարձրեցին նաև այս վայրը, հատեցին ընտիր ծառաստանը, ոչնչացրեցին կենդանական աշխարհը։ Սովետական իշխանությունը պաշտպանության տակ է առել այս բնական թանգարանը։ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1958 թ. որոշմամբ կազմակերպվել է Խոսրովի պետական արգելանոցը, որն զբաղեցնում է 27 հզ. հեկտար տարածություն։ Այն տարածվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Այժմ այստեղ աճում են գիհու նոսր անտառակներ, կաղնուտներ