արծվենի հայացքով մարդը նայում է հեռուն։ Բարձր պատվանդանին գրված է. «Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով-Արմենակ Խանփերյանց»։ «Մարդը՝ լեգենդից»,– այսպես են ասում նրա մասին։
Տասնչորսամյա պատանի էր Արմենակը, երբ մի օր հրաժեշտ տվեց հայրենի գյուղին, գնաց Բաքու և աշխատել սկսեց նավթահանքներում։ Այստեղ Արմենակը կոփվում, հասունանում է հեղափոխական տրամադրություններով տոգորված բանվորների շրջապատում։ Կամավոր մտնելով կարմիր գվարդիայի շարքերը` նա մասնակցում է հակահեղափոխության դեմ մղված մարտերին, պաշտպանում Բաքվի կոմունան (որի մասին դուք կարող եք կարդալ «Բաքվի 26 կոմիսարներ» զրույցում)։ Բաքվի կոմունայի անկումից հետո «երկաթե ջոկատը», որի շարքերում կռվում էր Խանփերյանցը, անցնում է Աստրախան և միանում կարմիր բանակին։ Սպիտակգվարդիականների դեմ մղված մարտերից մեկում զոհվում է նրա ընկերը` Սերգեյ Խուդյակովը, և Արմենակը վերցնում է նրա անունն ու ազգանունը։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Խանփերյանց-Խուդյակովը սովորում է Թիֆլիսի (Թբիլիսիի) հեծելազորային հրամանատարների ռազմական դպրոցում, ապա ծառայում որպես հեծելազորային սպա։ 1939-1936 թվականներին նա սովորում և ավարտում է Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան, դառնում է հմուտ օդաչու։ Նա քաջ էր ու համարձակ, աչքի էր ընկնում ավացիայի բնագավառում իր հարուստ գիտելիքներով, օժտված էր նաև մարդկային մեծ հմայքով։ Խուդյակովն արդեն գնդապետ էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Այդ ծանր տարիներին նա եղել է Արևմտյան ռազմաճակատի օդային բանակի շտաբի պետ, ապա՝ հրամանատար, այնուհետև՝ կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ։ Նա աշխատում էր նաև Գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանում, տարբեր ռազմաճակատներում կատարում ռազմակայանի ներկայացուցչի պարտականություններ։
1944 թ. նրան շնորհվում է ավիացիայի մարշալի կոչում և հանձնվում Սուվորովի առաջին աստիճանի շքանշան։
1945 թ. Խուդյակովը սովետական պատվիրակության կազմում մասնակցեց ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարությունների՝ Յալթայում տեղի ունեցած կոնֆերանսին՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ավիացիայի գծով խորհրդական։
Պատերազմի ավարտին Ս. Խուդյակովը հեռավոր Արևելքում էր, 12-րդ օդային բանակի հրամանատարը։ Այստեղ նա իրականացրեց մի շարք փայլուն գործողություններ՝ հուժկու հարվածներ հասցնելով ճապոնացիներին։ Ճապոնիայի դեմ մղված պատերազմի հաղթական ավարտից հետո նա Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետն էր։
Վաղաժամ կտրվեց նրա կյանքի թելը, սակայն սովետական ռազմաօդային ուժերի պատմության մեջ անմոռաց է տաղանդավոր զորավարի գործը: