Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/230

Այս էջը հաստատված է

բայց ի վերջո ստացվում է, որ նա թե՛ հնարագետ է, թե՝ ճարպիկ ու խելացի: Կրկեսային արվեստի սիրահարների հիշողության մեջ անջնջելի կմնա սովետական կրկեսի հրաշալի արտիստ, ծաղրածու, մնջկատակ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը, որը, ցավոք, կարճ կյանք ունեցավ` ապրեց ընդամենը 37 տարի։ Նրա ամեն մի համարը ամբողջական մի մանրապատում էր, ուր հավասարապես մասնակցում էին թե՛ մնջկատակն ու ակրոբատը, թե՛ ձեռնածուն ու լարախաղացը, և այդ բոլորն ինքը Ենգիբարյանն էր։ Իր մեծ վարպետության համար 1964 թ. Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրագայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում նա արժանացավ առաջին մըրցանակի։

Կան շների, խոզուկների, կապիկների հետ հանդես եկող ծաղրածու-կենդանավարժներ։ Այդպիսին էին ռուս նշանավոր եղբայրներ Անատոլի և Վլադիմիր Դուրովները։ Նրանք ասպարեզում հաջողությամբ ցուցադրում էին մի այնպիսի «երկաթգիծ», որտեղ մեքենավարները, ուղեկցողները, սլաքավարներն ու ուղևորները տարբեր կենդանիներ էին։ Ծաղրածուները կային դեռ այն ժամանակ, երբ այսօրվա իմաստով կրկեսներ չկային։ Հայ միջնադարյան թատրոնում, օրինակ, ծաղրածու կամ խեղկատակ էին անվանում կատակերգակ դերասաններին։ Ծաղրածուն լարախաղացի անբաժան ուղեկիցն էր։ Նա լարի տակ ծիծաղաշարժ ձևերով ընդօրինակում էր լարախաղացի շարժումները, նաև դրամ էր հավաքում հանդիսականներից։ Նման լարախաղացի ու ծաղրածուի այսօր էլ կարելի է տեսնել Գառնիում անցկացվող երգի ու պարի ամենամյա փառատոներում։ Ռուսաստանում շատ տարածված էին սկոմորոխներ կոչվող ծաղրածուները։ Նրանք հանդես էին գալիս տոնավաճառներում և, ծաղրելով բոյարներին ու վաճառականներին, զվարճացնում էին հասարակ ժողովրդին։

Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի

Հայ անվանի բանաստեղծ Ալ. Ծատուրյանը ծնվել է Ադրբեջանի Զաքաթալա քաղաքում։ Ծանր կարիքի մեջ անցավ նրա մանկությունը։ Երեք տարեկան էլ դեռ չկար, որ մահացավ ձկնավաճառ հայրը` լվացարարուհի կնոջը ժառանգություն թողնելով միակ որդուն և յոթ կոպեկ դրամ...

Մորն օգնելու համար տղան սկսեց աշխատել. եղավ հեռագրատան ցրիչ, խճուղու շինարարության բանվոր, «դուքնի աշկերտ», լաթավաճառ։ Միաժամանակ նա սովորեց ու ավարտեց ծննդավայրի երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու հետագա բոլոր ջանքերն անցան ապարդյուն։ Նա զբաղվեց ինքնակրթությամբ, հետո էլ սկսեց ուսուցչություն անել Նիժնի Նովգորոդի, Մոսկվայի մեծահարուստ հայերի ընտանիքներում, ծառայեց տարբեր գրասենյակներում։ 1891 թ. Մոսկվայում տպագրվում է Ծատուրյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Հասարակ մարդկանց թշվառ վիճակը խորապես հուզում էր բանաստեղծին։ Նա մեծ սիրով է գովերգել դառը քրտինքով