երկրորդ-երրորդ հազարամյակներում ապրած մի շարք հնագույն ժողովուրդների։ Մեր թվականությունից առաջ առաջին դարում հռոմեական զորավար Լուկուլլոսը ծիրանենին Հայաստանից տարել է Հունաստան, ապա նաև Հռոմ, որտեղ այն անվանել են «պրունուս արմենիակա» («հայկական սալոր»)։ Այնտեղից ծիրանենին տարածվել է Եվրոպայում։ Ծիրանենին մեր հանրապետությունում մշակվող ամենահիմնական պտղատու ծառատեսակն է։ Այն ջերմասեր, արագ աճող բույս է։ Չորս տարեկան ծառն արդեն բերք է տալիս։ Մեկ հասուն ծառը կարող է տալ 80-100, երբեմն, նույնիսկ, 800 կգ բերք։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում ավազային, ավազակավային, ինչպես նաև քարքարոտ հողերում։ Ծիրանենին բավականին երկարակյաց ծառ է։ Հանդիպում են մինչև 150 տարեկան բերքատու ծառեր։ Նրա պտուղը՝ ծիրանը, պարունակում է բազմաթիվ օգտակար սննդանյութեր՝ շաքարներ, ազոտ պարունակող նյութեր, վիտամիններ և այլն։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ, որը շատ կարևոր է երեխաների աճի ու առողջության համար, ծիրանը համազոր է կարագին և թարմ ձվին։ Ծիրանի կորիզը պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր։ Ծիրանից պատրաստում են մուրաբա, պաստեղ, ջեմ, պովիդլո, մարմելադ, հյութեր, կոմպոտ, չիր։ Բայց ամենից համեղն, իհարկե, թարմ ծիրանն է։ Կորիզի միջուկն օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ։ Կիրառություն ունի և ծիրանենու շատ ամուր բնափայտը։ Ծիրանենին նաև դիմացկուն բույս է, և հաճախ այն տնկում են դաշտապաշտպան անտառաշերտերում։ Բազմանում է սերմերով և պատվաստման միջոցով։ Մեր հանրապետությունում տարածված են ծիրանենու բազմաթիվ սորտեր` Երևանի, Սաթենի, Աղջանաբադ, Սպիտակ, Խոսրովենի և այլն, որոնք աճում են շատ շրջաններում։
Ծխախոտ
Ծխախոտը բույսերի նույն ընտանիքից է, ինչ որ կարտոֆիլն ու լոլիկը։ Կարտոֆիլը սննդարար է ու համեղ, լոլիկը՝ նույնպես։ Իսկ, այ, ծխախոտը մարդկանց համար վնասակար է։ Ծխախոտի տերևներում, որոնցից գլանակներ ու սիգարետներ են պատրաստում, կա նիկոտին կոչվող թույնը, որը կարող է թունավորել մարդու սիրտը, ուղեղը, թոքերը։ Դրա համար էլ ծխողներն ավելի հաճախակի են հիվանդանում, քան չծխողները։ Օրինակ, բրոնխիտով և շնչառական ուղիների այլ հիվանդություններով ծխողները տասնհինգ անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան նրանք, ովքեր չեն ծխում։ Ծխելուց առաջանում է նաև մեկ այլ սարսափելի հիվանդություն՝ քաղցկեղը։ Կոկորդի, թոքերի, ստամոքսի, լյարդի քաղցկեղով ևս առավելապես նրանք են հիվանդանում, ովքեր ծխում են։ Բոլոր ծխողները չէ, անշուշտ, որ այդպես ծանր հիվանդանում են, բայց նրանց բոլորի առողջությունն էլ վատանում է։ Բանակի կենտրոնական մարզական ակումբի հոկեյի թիմում ժամանակին խաղում էր հայտնի մի մարզիկ՝ Անատոլի Ֆիրսովը։ ՍՍՀՄ հավաքականի կազմում նա շատ անգամ է խաղացել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Ամենալավ դարպասապահներն անգամ վախենում էին նրա դիպուկ և ուժեղ հարվածներից։ Տոլյա Ֆիրսովն առաջին անգամ ծխեց, երբ ութ տարեկան էր. ձգտում էր նմանվել մեծ տղաներին։ Եվ ծխեց մինչև տասնութ տարեկանը, մինչև որ ընդգրկվեց հոկեյի թիմում։ Թվում է, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց. ծխում էր, հետո ծխելը թողեց։ Բայց հոկեյիստն ասում է, որ, եթե չծխեր, կարող էր շարունակել խաղալ ևս հինգ տարի։ Ահա, թե որքան առողջություն խլեցին գլանակները։ Ծխախոտը մի նենգ հատկություն ունի, օրգանիզմն ընտելանում է նիկոտինին, և հետո այլևս չի կարողանում առանց նրա։