Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/24

Այս էջը հաստատված է

Երգ

Ի՞նչ է երգը։ Երգը երաժշտության ամենատարածված ձևն է։ Երգի մեջ միավորված են երաժշտությունն ու բանաստեղծական խոսքը։

Երգերը շրջապատում են ձեզ։ Դուք երգեր եք լսում ռադիոյով, հեռուստացույցով, համերգների ժամանակ, տանը, երգում եք նաև ինքներդ։ Ձեզ լավ ծանոթ են հիասքանչ ժողովրդական, մարտական ու առնական՝ հեղափոխական, ուրախ ու աշխույժ պիոներական երգերը։ Լավ երգի դերը ժողովրդի կյանքում շատ մեծ է։ Ահա այդպիսի մի երգի պատմությունը։

Ելի՛ր, դու մեծ երկիր,
Ելի՛ր կենաց կռվի.
Ֆաշիզմի դեմ խավարամոլ,
Հորդայի դեմ ելի՛ր:

Երգի թախծալի, հանդիսավոր հնչյունները թևածում են Մոսկվայի Բելոռուսական կայարանի բարձր կամարների ներքո։ Ցասումով են հնչում երգի բառերը։ Հինգերորդ օրն է, ինչ սկսվել է պատերազմը։ Կայարանները լեփ-լեցուն են ռազմաճակատ մեկնող կարմիրբանակայիններով։ Բելառուսական կայարանում նրանց ճանապարհում է Կարմիր բանակի կարմրադրոշ անսամբլը։ Նա կատարում է Ա. Վ. Ալեքսանդրովի նոր, «Սրբազան պատերազմ» երգը՝ գրված բանաստեղծ Վ. Ի. Լեբեդև-Կումաչի խոսքերով.

Թող ցասումն ազնիվ ու վեհ
Հանց ալիք փոթորկի:

Որպես զինվորական երդում, որպես սըրբազան ուխտ երգչախումբը հատ-հատ հնչեցնում է բառերը։ Մարտիկները կանգնած լսում են։ Երգն, ասես, առույգություն է ներարկել նրանց սրտերին և հավատ՝ հաղթանակի հանդեպ...

Արյունոտ մարտեր էին գնում Սևաստոպոլի մատույցներում։ Թշնամին, ջանալով ճեղքել պաշտպանությունը, բոլոր ուժերը կենտրոնացրել էր ռազմաճակատի մի փոքրիկ հատվածում։ Քարանձավում պատսպարված մի խումբ սովետական ծովայիններ պաշտպանվում էին։ Ֆաշիստները երկար ժամանակ զուր փորձում էին քաջազուններին դուրս բերել թաքստոցից։ Հերթական մրրկային կրակից հետո, երբ, թվում է, ոչ մի կենդանի շունչ չպետք է մնար, հանկարծ քարանձավից հնչեց երգը.

ելիր, դու մեծ երկիր․․․

Գազազած ֆաշիստները կրակի նոր տարափի տակ առան քարանձավը։ Քարերը դղրդյունով օդ բարձրացան, ապա ամուր խցանեցին միակ մուտքը։ Լռություն տիրեց, բայց՝ ընդամենը մի քանի վայրկյան։ Հանկարծ...

Թող ցասումն ազնիվ ու վեհ
Հանց ալիք փոթորկի
Ժողովրդական պատերազմ,
Սրբազա՛ն պատերազմ:

Երգը հնչեց նորից։ Այն շարունակում էր ապրել, և, թվում էր, հիմա արդեն ժայռերն են երգում։ Նրա հնչյունները երկար ժամանակ հետապնդում էին թշնամուն սնոտի վախ ու սարսափ հաղորդելով նրան, եթե մեռյալներն անգամ երգում են, միթե հնարավոր է հաղթել այդպիսի մարդկանց։

Պատերազմի տարիներին այդ երգը հնչում էր ամեն տեղ։ Այն, ասես, համաժողովրդական հակաֆաշիստական հիմն էր դարձել։

Մեծ հայրենականի ահեղ տարիներին հայ ժողովրդի, հայ մարտիկների համար մարտակոչի և միաժամանակ կարոտի ու սփոփանքի երգ էր դարձել նաև կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի և բանաստեղծ Գեղամ Սարւանի «Մարտիկի երգը»։ Հայ զինվորը ռազմի դաշտում հերոսաբար մարտընչում էր կարոտի երգը շուրթերին։ Այն քաջություն, արիություն և հաղթանակի հանդեպ անսասան հավատ էր հաղորդում հայ քաջորդիներին։ Իսկ նրանց մշտարթուն մայրերն ու քույրերը ռադիոընդունիչների առջև քարացած լսում էին այդ երգը, և նրանց թվում էր, թե երգում են իրենց զավակներն ու եղբայրները։ Ամենազոր սպեղանու նման երգը քնքշորեն ամոքում էր, ուժ տալիս վշտակեզ ու միշտ սպասող մայրերին...

Հայրենիքն իմ սրտում`
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագինմ
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգինմ
համբույրով կաթոգին,
Կսեղմեմ իմ կրծքին:

Պատերազմը վաղուց է ավարտվել... Անցել են տարիներ, և այդ տարիների հետ աճել է մի նոր սերունդ, որը չգիտե, թե ինչ է պատերազմը: Իսկ այդ երգերը շարունակում են ապրել: հաճախ են նրանք հնչում նաև այսօր` հիշեցնելով ահեղ տարիները, զգոնության կոչելով ապագայի հանդեպ: Այդ փառապանծ երգերը մեր հիշողությունն են, մեր կյանքը: