կաթը հարվածվում է թմբուկի պատերին, իսկ սերուցքը հավաքվում է կենտրոնում։ Առաջին սերզատից սերուցքը խողովակաշարով լցվում է երկրորդ սերզատի մեջ, ուր ավելի է թանձրանում, ապա անցնում է սառնարան-կարագագոյացուցչի մեջ։ Այս ապարատում թանձր, յուղալի սերուցքն անընդհատ խառնվում է։ Եվ, ահա, բաց դեղնավուն շիթը լցվում է մեկուսիչ թղթով պատած արկղի մեջ։ Հեղուկը սառչում է և վերածվում կարագի։
Կալինին Միխայիլ Իվանովիչ
Կալինինների ընտանիքն ապրում էր գյուղի ծայրին գտնվող մի փոքրիկ խրճիթում։ Նրանք քիչ հող ունեին, և դրա համար էլ հացը հաճախ չէր բավականացնում։ Իսկ շրջակայքի լայնարձակ դաշտերն ու մարգագետինները պատկանում էին կալվածատերերին։ Փոքրիկ Միշան օգնում էր ծնողներին՝ վարում էր հողը, ցանում, հնձում, խնամում քույրերին։ Դիպվածի բերումով նա ընդունվեց հարևան մեծ գյուղի դպրոցը։ Գյուղական այդ դպրոցը Միշան ավարտեց գովասանագրով։ 14 տարեկան հասակում նա տնային ծառայության վարձվեց մի կալվածատիրոջ մոտ, որը պատանուն իր հետ տարավ Պետերբուրգ։ Այստեղ Միխայիլն ընդունվեց Պուտիլովյան գործարան, դարձավ խառատ։ Այն ժամանակ բանվորներն աշխատում էին օրական 16-18 ժամ, բայց Կալինինն, այնուամենայնիվ, ժամանակ էր գտնում կարդալու գրքեր, արգելված գրականություն, որը գաղտնի ստանում էր ընկերներից։ Գրքերն ու հեղափոխական գաղտնի խմբակը օգնեցին նրան հասկանալու, որ աշխատավոր ժողովուրդը կալվածատերերի ու կապիտալիստների իշխանությունից կարող է ազատագրվել միայն հեղափոխությամբ։ Մի անգամ գործարանատերը որոշեց իջեցնել բանվորների աշխատավարձը։ Կալինինը և նրա ընկերները կազմեցին մի թռուցիկ, որով բանվորներին կոչ էր արվում պայքարի ելնել ընդդեմ տերերի։ Թռուցիկը տարածվեց գործարանով մեկ։ Այդ նույն օրը երեկոյան քսանչորսամյա Միխայիլ Կալինինին ձերբակալեցին։ Ցարական իշխանությունները Կալինինին մի քանի անգամ բանտ նետեցին, աքսորեցին։ Բայց ազատվելուն պես նա շարունակում էր հեղափոխական գործունեությունը: Գործարանում աշխատեր, թե գյուղում լիներ նա, ամենուրեք սերտ կապեր էր հաստատում բանվորների ու գյուղացիների հետ, հեղափոխական պայքարի մեջ ներգրավում նորանոր մարդկանց:
Լինելով Վ.Ի. Լենինի հավատարիմ աշակերտն ու զինակիցը` Մ.Ի. Կալինինն ակտիվորեն մասնակցում է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատրաստմանը։ Հոկտեմբերյան զինված ապստամբության օրերին Պետրոգրադում Կալինինը մյուս բոլշևիկների հետ կատարում է կուսակցության Կենտրոնական կոմիտեի կարևոր հանձնարարությունները։
1919 թ. Վ. Ի. Լենինի առաջարկով, Մ. Ի. Կալինինն ընտրվեց Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի (ՀԿԳԿ-ի) նախագահ, այսինքն՝ սովետական պետության բարձրագույն մարմնի ղեկավար: Վ. Ի. Լենինն ընդգծում էր, որ Մ. Ի. Կալինինը վիթխարի փորձ ունի և լավ գիտե ժողովրդի կյանքը։
Լայնարձակ Ռուսաստանում սովետական իշխանությունը նոր էր միայն հաստատվում։ Միխայիլ Իվանովիչը լինում էր երկրի բազմաթիվ շրջաններում, հանդիպումներ ունենում բանվորների և գյուղացիների հետ։ Նա հայտնվում էր կրակի առաջավոր գծում, քաջալերում սպիտակգվարդիականների դեմ կռվող կարմիրբանակայիններին։
Իսկ քաղաքացիական պատերազմից հետո Կալինինն իր բոլոր ուժերը նվիրաբերեց նոր կյանքի կառուցմանը քաղաքում ու գյուղում, գործարանների, ֆաբրիկաների, դպրոցների ու հիվանդանոցների շինարարությանը: