Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/242

Այս էջը հաստատված է

Նա անկեղծորեն զրուցում էր աշխատավոր մարդկանց հետ, հետաքրքրվում նրանց հոգսերով, մտքեր փոխանակում: Այդ պատճառով էլ մարդիկ հազարավոր վերստեր էին կտրում անցնում` նրանից խորհուրդ հարցնելու համար։ 27 տարվա ընթացքում Կալինինի ընդունարանում եղավ ավելի քան 7 մլն. մարդ։ Մ. Ի. Կալինինը երեք անգամ՝ 1927, 1935 և 1940 թվականներին այցելել է Սովետական Հայաստան, հանդիպումներ ունեցել աշխատավորության հետ, ծանոթացել հանրապետության ձեռք բերած նվաճումներին։ Նրա անունով է կոչվում Հայկական ՍՍՀ-ի շրջաններից մեկը։ Մոսկվայում կա մի թանգարան, որը նվիրված է այդ հրաշալի մարդուն, մարդ, որն իր ողջ կյանքը նվիրաբերեց հեղափոխության գործին, սովետական մեր երկրում սոցիալիստական հասարակարգի կառուցմանը։

Կակտուսներ

Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է։ Հին հնդկացիները դրանք սուրբ բույս էին համարում։ Կակտուսները, որոնց հայերեն անվանում են նաև կղզի, հիանալի հարմարվել են չորային կլիմային։ Նրանց տերևները վերափոխվել են փշերի, մազիկների ու խոզանների, որոնք խիտ ծածկում են կակտուսների ցողունները և այնքան խոնավություն չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ ամենաշոգ եղանակին անգամ բույսերն իրենց ցողուններում խոնավություն են պահում և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3 հզ. լիտր ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսներին նաև պաշտպանում են խոշոր կենդանիներից։ Տարբեր տեսակի կակտուսներ են լինում՝ ծառանման, թփանման, խոտանման։ Մեկը նման է ոզնու, մյուսը՝ դդմի, երրորդը՝ աշտանակի։ Կան 1 սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով «մատնաչափիկներ» և 25 մ բարձրությամբ, տոննաներ կշռող հսկաներ։ Տարբեր են նաև կակտուսների ծաղիկները։ «Գիշերվա թագուհի» կոչվող կակտուսի ամեն մի ծաղկաթերթիկի երկարությունը հասնում է մինչև 14 սմ-ի։