Մեքսիկացիները կակտուսի մի տեսակից՝ գետնամորու կակտուսից, մարմելադ են պատրաստում։ Որոշ կակտուսների ցողուններ խորովում են կամ տապակում։ Պտուղների հյութը խմում են։ Որոշ կակտուսներ էլ օգտագործում են որպես կեր, որոնց փշերը նախապես մաքրում են։ Մեծ կակտուսների փայտանյութից կառուցում են կացարաններ, պատրաստում կահույք, զանազան գեղեցիկ իրեր։ Մինչև անցյալ դարի վերջերը Ամերիկա մայրցամաքում, առաջին հերթին՝ Մեքսիկայում, ընդարձակ պլանտացիաներում հատուկ մշակում էին կակտուսի մի տեսակ, որի վրա բազմացող միջատներից ստանում էին կարմիր ներկ։ Նախքան անիլինային ներկանյութերի հայտնագործումն այդ թանկարժեք նյութն արտահանվում էր Եվրոպա։ Սովետական Միության տարածքում կակտուսները «հյուր» են։ Նրանց աճեցնում են բուսաբանական այգիներում, ինչպես նաև սիրողները՝ իրենց հավաքածուներում։ Կակտուսները եվրոպայում հայտնվել են Կոլումբոսի՝ Ամերիկա կատարած առաջին ճանապարհորդությունից հետո որպես նոր աշխարհի հրաշք։ Առաջին անգամ Ռուսաստան է բերել Պետրոս Առաջինը։ Հայաստանի բնության պահպանության ընկերությանը կից գործում է կակտուսասերների սեկցիա, որի աշխատանքներին մասնակցում են նաև շատ դպրոցականներ:
Կաղնի
«Ա՜յ թե հզոր ծառ է»,- ակամայից անցնում է մտքովդ երեք-չորս գրկաչափ հաստության մենավոր կաղնի տեսնելիս։ Այդպիսի կաղնու հովանու ներքո հեշտությամբ կարելի է պատսպարվել վատ եղանակից, շոգից։ Բայց և շատ վտանգավոր է նրա տակ սպասել այնքան, մինչև ամպրոպն անցնի, մեկ էլ տեսար, կայծակը հարվածեց կաղնուն։
Ժողովուրդն ասում է՝ երբ կաղնին ծաղկում է, սկսում են մայիսյան ցրտերը, կաղնին շատ ծառերից ավելի ուշ է ծաղկում։ Կաղնին շատ երկար է ապրում՝ մինչև 1000 տարի։ Առաջին 80 տարին այն աճում է դեպի վեր, հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել հաստությամբ։ Կաղնին հզոր ծառ է դառնում, երբ ամրանում է նրա բունը, և լայն տարածվում է սաղարթը։ Իսկ սերմից նոր միայն ընձյուղված փոքրիկ կաղնին հարևան թփերի օգնության կարիքն ունի։ Անտառապահները զուր չեն ասում. «Կաղնին սիրում է աճել մուշտակի մեջ, բայց գլխաբաց»։ Դա նշանակում է, որ նա լույս է սիրում և տանել չի կարողանում, երբ կատարն ստվերով է ծածկվում։ Այն ավելի լավ է աճում, երբ կողքին բարձրանում է ուրիշ կաղնիների և այլ ծառերի մատղաշ անտառը։ Ճիշտ է, կաղնին հզոր ծառ է, բայց արի ու տես, որ խիստ ցրտերին չի դիմանում։ Չի սիրում նաև խիստ շոգը։ Այդ պատճառով էլ Լենին ղրաղից ու Վոլոգդայից հյուսիս, Սիբիրում և Սովետական Միության ծայր հարավում կաղնի չի աճում։ Տնտեսության մեջ կաղնին վաղուց մեծ նշանակություն է ստացել։ Նրա փայտանյութը շատ ամուր է. ջրում այն չի փտում, դրա համար էլ նրանից հաճախ պատրաստում են կամուրջների հենացցեր։ Կաղնու փայտանյութն օգտագործում են նաև նավեր ու վագոններ, դիմացկուն տներ կառուցելու, տակառներ պատրաստելու համար։ Նրանից ստանում են հիանալի մանրատախտակ (պարկետ), գեղեցիկ նրբատախտակ: Այն նաև լավ վառելափայտ է։
Երիտասարդ կաղնիների՝ ապրիլին հավաքած կեղևից պատրաստում են խմելու և ողողումների տտիպ թուրմ։ Կաղնու կեղևն անհրաժեշտ է նաև կաշվի դաբաղման համար։ Կաղնու պտուղներից՝ կաղիններից, ստանում են օսլա և սպիրտ։ Բովված ու աղացված կաղիններից պատրաստում են սրճի փոխարինիչներ։ Կաղինները նաև հիանալի կեր են խոզերի և գյուղատնտեսական այլ կենդանիների համար։